
Արմինֆո.12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանի Հանրապետության ճանապարհների որոշ հատվածներում կարող է դառնալ վճարովի։ Այդ մասին ասվում է կառավարության e-draft կայքում, որտեղ հայտնվել է "Ավտոմոբիլային ճանապարհների մասին" ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Ըստ աղբյուրի, այդ ծանրաքաշ բեռնատար մեքենաների համար գործելու է պարտադիր ճանապարհային վճար, որը մուտքագրվելու է պետական բյուջե' Հայաստանի Հանրապետության պետական և միջպետական ընդհանուր օգտագործման ճանապարհների շինարարության, վերանորոգման և պահպանման աշխատանքների կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով, ինչն, ընդհանուր առմամբ, կանդրադառնա երկրի ճանապարհային ցանցի զարգացման վրա:
Խոսքը վերաբերում է ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված, այնպես էլ չգրանցված (օտարերկրյա) ավտոտրանսպորտային միջոցներին: Վճարովի կարող են դառնալ պետական եւ միջպետական նշանակության ճանապարհների, ինչպես նաեւ պետական-մասնավոր գործընկերության ծրագրերի շրջանակներում կառուցված ճանապարհների հատվածները: Այդ ճանապարհներից օգտվելու վճարների չափն ու կարգը սահմանվելու է պետական եւ մասնավոր հատվածների գործընկերության պայմանագրով։
Նախապես կառավարությունը սահմանել է այդպիսի ճանապարհներից օգտվելու սակագին, որը կարող է կազմել մինչև 50 դրամ 1 կիլոմետրի համար։ Նշվում է, որ ամեն տարի այդ սակագինը կվերանայվի։
Ճանապարհային վճարի գանձման համակարգը կներդրվի ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից՝ '"Գնումների մասին" ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
Ընդ որում, հաղորդվում է, որ պարտադիր ճանապարհային վճար չի գանձվի Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, ինչպես նաեւ հումանիտար եւ տեխնիկական օգնության բեռներ փոխադրող ավտոմեքենաներից եւ Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռներ փոխադրող մեքենաներից: Այս օրինագծի ընդունման դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հուլիսի 1-ից: