Չորեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2020 15:22
Ալեքսանդր Ավանեսով

Ռուսաստանի եւ Հայաստանի տրանսպորտային գերատեսչությունները կարգավորել են տարաձայնությունները Հարավկովկասյան երկաթուղու գործունեության ոլորտում

Ռուսաստանի եւ Հայաստանի տրանսպորտային գերատեսչությունները կարգավորել են տարաձայնությունները Հարավկովկասյան երկաթուղու գործունեության ոլորտում

Արմինֆո. Ռուսաստանի եւ Հայաստանի տրանսպորտային գերատեսչությունները կարգավորել են տարաձայնությունները Հարավկովկասյան երկաթուղու գործունեության ոլորտում: Համապատասխան արձանագրությունն այսօր ստորագրել են ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ, Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ տրանսպորտային գերատեսչության պաշտոնական կայքը:

 

Այսպիսով, ինչպես նշում է աղբյուրը, կարգավորվել են բոլոր տարաձայնությունները "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի դուստր ձեռնարկության՝ "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ - ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ: Մասնավորապես, փաստաթղթում ամրագրված է Ռուսաստանի եւ Հայաստանի պրոֆիլային նախարարությունների համաձայնությունը " ՀԿԵ " ՓԲԸ գործունեության անկախ աուդիտորական ստուգումների արդյունքների հետ, որոնք իրականացվել են 2008թ. կնքված կոնցեսիոն պայմանագրի գործողության ողջ ընթացքում: Հաստատվել է նաեւ ՀԿԵ-ի կողմից իր ներդրումային պարտավորությունների ամբողջական կատարումը եւ, որպես հետեւանք, կողմերի պահանջների բացակայությունը:

 

Չնայած կորոնավիրուսային վարակի տարածման առնչությամբ գործող սահմանափակող միջոցներին՝ Հարավկովկասյան երկաթուղու ֆինանսական և արտադրական մի շարք ցուցանիշներ շարունակում են աճել։ Դա թույլ է տալիս դրական գնահատել Ռուսաստանի և Հայաստանի փոխադրողների հետագա համատեղ աշխատանքի հեռանկարները։

 

Արձանագրության ստորագրումը կարևոր դեր է խաղում ՀԿԵ առջև ծառացած մի շարք խնդիրների լուծման գործում։ Խոսքը վեերաբերում է  ինչպես բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների ծավալների ավելացման, այնպես էլ երկաթուղային շարժակազմի թարմացմանը։ Կողմերն ընդգծել են ստորագրված փաստաթղթի կարեւորությունը եւ նշել, որ այն կնպաստի երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը:

 

Հիշեցնենք, որ "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ն "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է եւ իրականացնում է Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը: Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը հանձնվել է "ՀԿԵ" ՓԲԸ կոնցեսիոն կառավարմանը ' համաձայն 2008թ. փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսիոն պայմանագրի: Հավատարմագրային կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ 10 տարի երկարաաձգման իրավունքով: