
Արմինֆո. Հայաստանի տնտեսության անկումը պայմանավորված է ավելի ներքին գործոններով, քան՝ արտաքին։
Սեպտեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։ Այս առումով նա մատնանշել է զբոսաշրջության, ծառայությունների, շինարարության ոլորտները, ընդգծելով, որ վերջինի ազդեցությունն ավելի էական էր։ "Մենք կարող էինք ավելի բարենպաստ տնտեսական իրավիճակ ստանալ, եթե կարողանայինք պահպանել շինարարության ոլորտում նախատեսված աճի տեմպերը։ Բայց մենք դա չարեցինք, ինչի պատճառ են հանդիսացել ոչ թե ազդեցության արտաքին գործոնները, այլ տեղական կառավարման մարմինների և պետական կառավարման որոշակի կառույցների անկազմակերպ աշխատանքը։ Մասնավորապես, ներքին գործընթացների կարգավորման դանդաղ տեմպերի պատճառով, որոնք կապված են շինարարության թույլտվության, լիցենզիաների տրամադրման հետ", - ասել է փորձագետը։
Միաժամանակ, Խաչատրյանը մատնանշել է այն ներուժի առկայությունը, որը կարելի է օգտագործել այս տարի ՝ կառավարման համակարգում առկա խոչընդոտները հաղթահարելու համար։ Դրանից հետո, նրա կարծիքով, եթե Հայաստանը չկարողանա դրական տնտեսական ցուցանիշների հասնել, ապա գոնե կմոտենա տնտեսական անկման զրոյական նշագծին։ "Նվազում կա, եւ դա պետք է արձանագրել, բայց այդ նվազումը կանխատեսելի էր եւ ոչ այնքան վտանգավոր, որքան կարող էր լինել", - նկատել է նա:
Դրա հետ մեկտեղ նա նշել է ֆինանսական համակարգը, որտեղ մարտին գրանցված բացասական գործընթացներից հետո՝ համակարգից 80-90 մլրդ դրամի դուրս բերումը, վերջին տվյալներով իրավիճակը կարգավորվել է: "Քաղաքացիները վերադարձրել են իրենց ավանդները։ (Ավանդային պորտֆելի ընդհանուր ծավալի նվազում չի գրանցվել, արձանագրվել է ոչ ռեզիդենտների ավանդների ոչ մեծ անկում -խմբ.): Բացի այդ, վարկային պորտֆելն արագորեն աճում է: Այսինքն՝ այն քաղաքականությունը, որն իրականացնում էր կառավարությունը կորոնավիրուսի բացասական հետևանքները մեղմելու նպատակով, տվել և տալիս է իր արդյունքները", - փաստել է Խաչատրյանը։
Տնտեսագետի խոսքով, այն ֆինանսական միջոցները, որոնք կառավարությունը տրամադրել է հակաճգնաժամային միջոցառումների 24 փաթեթների շրջանակներում, տվել են իրենց դրական արդյունքները տնտեսության մեջ: Կորոնավիրուսի դեմ պայքարում այսօրվա կառավարության տապալման վերաբերյալ նախկին իշխանությունների մեղադրանքները Խաչատրյանը որակել է քաղաքական բնույթի հայտարարություններ։ "Կառավարության օգնությունը նպատակային էր և բխում էր մեր երկրի տնտեսությունից և հնարավորություններից ։ Մենք հիշում ենք, թե ինչ է տեղի ունեցել, և ինչպես են իրենց պահել նախորդ իշխանությունները ճգնաժամերի ժամանակ։ Օգնությունը տրամադրվել է միայն իշխանությունների "սիրելի" ընկերություններին, որոնք պատկանում էին հենց իրենց։ Այսինքն, ճգնաժամի ժամանակ նրանք միայն իրենց են օգնել", - հավելել է նա։
Ընդհանուր առմամբ, Խաչատրյանը նկատել է, որ կորոնավիրուսը ցույց տվեց, որ աշխարհը պատրաստ չէր նման իրադարձությունների՝ ինչպես տնտեսության, այնպես էլ առողջապահության տեսանկյունից ։ "2-րդ ալիքի դեպքում աշխարհը, այդ թվում ՝ Հայաստանի տնտեսությունն ու առողջապահությունը, ավելի պատրաստ կլինեն։ Ավելի կազմակերպված ամեն ինչ կանեն, և մենք այնքան մարդկային կորուստներ չենք ունենա, որոնք, ցավոք, եղան այս ընթացքում։ Բայց, ես կարծում եմ, նույնիսկ, վստահ եմ, որ կորոնավիրուսի 2-րդ կամ 3 - րդ ալիք չարժե սպասել", - եզրափակել է նա։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների, Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2020 թվականի հունվար-հուլիսին նվազել է 5,7 տոկոսով, եւ աճը պահպանած ճյուղերը եղել են արդյունաբերական հատվածն ու էներգահամալիրը: 2020թ. հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության անկումը պայմանավորել են շինարարության ոլորտի 22,6% - ով, առևտրի ոլորտի 10,9% - ով, ծառայությունների ոլորտի 9,2% - ով կրճատված ծավալները։