Արմինֆո.Հայաստանում բենզինի նախորդ ամիս նկատվող թանկացումը պայմանավորված է արտադրող երկրում գնային տատանումներով, ինչպես նաև լոգիստիկ ծախսերի ավելացմամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Եվրամիության տրանսպորտի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանը։
Հայաստանում օգոստոսի ընթացքում բենզինի գներն աստիճանաբար թանկացել են <ռեգուլյար> տեսակի համար մեկ լիտրի դիմաց 280-ից մինչև 340 դրամ: Համապատասխանաբար՝ թանկացել է <պրեմիում> և <սուպեր> տեսակի բենզինը, ինչպես նաև դիզվառելիքը։
<Ընդհանրապես պետք է արձանագրել, որ գազի, դիզվառելիքի և ավիացոն կերոսինի գները միշտ էլ ենթակա են որոշակի տատանումների՝ կախված սեզոնայնությունից, արդյունահանողների ներքին քաղաքականությունից և այլ հանգամանքներից, և այստեղ որևիցէ զարմանալու բան չկա։ Զարմանալ կարելի է մի հանգամանքի վրա, որ հաշվի առնելով այդ տատանողականությունը` Հայաստանում չի ձևավորվում դեմպֆերային ֆոնդ, որը կմեղմեր բենզինի, դիզվառելիքի կամ ավիացիոն կերոսինի գնային տատանումները, այդպիսի ֆոնդեր գործում են տարբեր երկրներում և կոչված են էական տատանումների համար մեղմել հնարավոր վտանգները տվյալ երկրի տնտեսության և հասարակության համար>,- նշել է նա։
Լոգիստիկան, ըստ փորձագետի, այսօր թանկանում է Հայաստան վառելիքի ներմուծման ծավալների նվազման հետևանքով ։ Որպես մեկ այլ պատճառ էլ Մարջանյանը նշել է կորոնավիրուսով պայմանավորված՝ որոշակի գործողությունների իրականացման դժվարությունները, ինչի հետևանքով այս ոլորտում կոռուպցիոն որոշակի ռիսկեր են ի հայտ եկել ։
Մեկնաբանելով հայկական շուկայում Ղազախստանից նավթամթերքի հայտնվելու հեռանկարների հետ կապված իրավիճակը ՝ փորձագետը նշել է, որ այդ գործընթացի մասին պաշտոնական տեղեկատվություն գրեթե բացակայում է: Կա միայն համապատասխան պայմանագրի ստորագրման մասին տեղեկատվություն։ Մարջանյանը հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, քանի որ այս ծրագրի իրականացման համար, ըստ նրա, առկա են շատ բարենպաստ պայմաններ: Նա նշել է, որ Ղազախստանում գոյացել է նավթամթերքների ավելցուկ և հնարավորություն է ընձեռվել զրոյացված մաքսային տուրքերի և ակցիզային հարկերի պայմաններում կազմակերպել այդ նավթամթերքի ներկրումը Հայաստան։
<Զուգահեռաբար դա հարմար առիթ կհանդիսանա Վրաստանի տարածքով տարանցիկ ուղիների լոգիստիկ պայմանների, մասնավորապես՝ վրացական նավահանգիստների օգտագործման պայմանների բարելավման համար։ Հաշվի առնելով Բաթումի նավահանգստի եւ նավթային տերմինալի Ղազախստանին պատկանելության փաստը՝ դա
հարմար առիթ է մշակել այդ նավթամթերքի հարավային ուղղու ներկրման ճանապարհները Կասպից ծովով, Իրանով։ Կարծում եմ` երկու ուղղություններն էլ պետք է հիմա ակտիվորեն քննարկվեն>,- ամփոփել է Մարջանյանը։