Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2020 17:26
Ալինա Հովհաննիսյան

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը փոփոխություններ է ներկայացրել տեխզննման գործընթացում

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը փոփոխություններ է ներկայացրել տեխզննման գործընթացում

Արմինֆո. Այսուհետ Հայաստանում այն ավտոմեքենաները, որոնց շահագործման ժամկետը չորս տարուց պակաս է, ազատվում են տեխնիկական զննություն անցնելու անհրաժեշտությունից։ Այդ մասին սեպտեմբերի 4-ին  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

 

Նա նշել է, որ տեխզննմանը վերաբերող օրինագիծն արդեն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը եւ սեպտեմբերի 9-ին կներկայացվի ՀՀ ԱԺ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը:

 

Մասնավորապես, փոխնախարարը տեղեկացրել է, որ 4 տարուց հին տրանսպորտային միջոցների համար տեխզննումը պարտադիր կարգով կիրականացվի 2 տարին մեկ՝ 10 տարվա ընթացքում, որից հետո՝ ամեն տարի: Բացի այդ, նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, որը թույլ կտա իրականացնել տեխզննումը ավտոմատացված և պատշաճ կերպով: Բացի այդ, ըստ հերթական օրինագծի, գազի բալոնով հագեցված մեքենաները պետք է 2 տարին մեկ պարբերականությամբ անցնեն սերտիֆիկացում: "Այդ մեքենաների վարորդները պետք է ստուգումներ անցնեն, եւ խնդիրների բացակայության դեպքում կստանան համապատասխան փաստաթուղթ գազաբալոնային սարքավորումներով մեքենայի շահագործման թույլտվության մասին", - ասել Է Սիմոնյանը: