Արմինֆո. Հայաստանում կոնյակի և կոնյակի սպիրտի սկսնակ արտադրողների համար կկիրառվեն պետական տուրքի նոր դրույքաչափեր։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 9-ի նիստում դրական եզրակացություն է տվել <Գործունեության իրականացման ծանուցման մասին> օրենքում և <Պետական տուրքի մասին> ՀՀ օրենքում կառավարության ներկայացրած փոփոխություններին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի խոսքերով, ներկայումս կոնյակի արտադրությունը կազմակերպելիս սուբյեկտները պետք է վճարեն տարեկան 10 մլն դրամի չափով պետական տուրք: Հաշվի առնելով, որ կոնյակի և կոնյակի սպիրտի ստացման համար պահանջվում է առնվազն երեք տարի` սուբյեկտները պետք է վճարեն 30 մլն դրամ, ինչը շատերի համար ծանր բեռ է ։ Այդ կապակցությամբ առաջարկվում է սահմանել խորհրդանշական պետական տուրք ՝ յուրաքանչյուր տարվա համար 50 հազար դրամի չափով, իսկ վաճառքի պահից վերադառնալ ներկայիս գործող տարեկան 10 մլն դրամ դրույքաչափին ։ Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է մրգերից սպիրտային խմիչքների նկատմամբ կիրառվող պետական տուրքի դրույքաչափերը հավասարեցնել մեղրասպիրտին՝ սահմանելով տարեկան 50 հազար դրամ ընդհանուր դրույքաչափ: Իսկ մեկ տարվա ընթացքում սուբյեկտի կողմից կոնյակի արտադրության հետ մեկտեղ նաեւ օղու արտադրություն կազմակերպելիս լիազոր մարմինը միայն տեղեկացվում է այդ մասին ։ Բացի այդ, ներկայումս կիրառվում է դրույթ, ըստ որի ՝ գործունեության մեկնարկի մասին ծանուցելիս վճարվում է 15 մլն դրամի չափով տուրք եւ եւս 10 մլն դրամ ՝ արտադրությունը կազմակերպելիս ։ Այժմ արտադրության կազմակերպման համար 10 մլն դրամ պետական տուրք չի գանձվի։
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |