Արմինֆո.Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրեն 21,1 մլն եվրո՝ Իրանի հետ սահմանակից "Մեղրի" հսկիչ անցագրային կետի արդիականացման համար: ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 18-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության կողմից Բանկի հետ վավերացման ներկայացված համաձայնագիրը:
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի փետրվարի 7-ին: Վերակառուցման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական սահմանի տվյալ հատվածով բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների ծավալների անընդհատ աճով։ Հաշվի առնելով, որ հյուսիսային անցակետերն ամբողջությամբ արդիականացված են, "Մեղրի" սահմանային անցակետի վերակառուցումը կնպաստի "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի արդյունավետության բարձրացմանը: Արդիականացման ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 21,1 մլն եվրո, որից ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 10,6 մլն եվրոյի վարկ Libor+1% պայմաններով, ինչը կիսամյակային կտրվածքով կազմում է 1,7%: Ֆինանսավորման մեծ մասն ապահովվելու է Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում ԵՄ կողմից տրամադրվող 10,6 մլն եվրո և 700 հազար եվրո դրամաշնորհային միջոցների հաշվին։ Ծրագրի իրականացման արդյունքում անցակետը կընդլայնվի ներկայիս 6,6 հա-ից մինչեւ 8,8 հա: Թողունակությունը օրական 300 ավտոմոբիլից կաճի մինչեւ 900: Ամբողջ նախագիծը նախատեսվում է ավարտել 2022 թվի վերջին՝ 2023թ. սկզբին։ Անցակետերում կիրառվելու են միջազգային չափանիշներին համապատասխանող մեխանիզմներ։
Ավելի վաղ ԱրմԻնֆոն հաղորդել էր, որ ԵՄ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսական աջակցությամբ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) շրջանակներում իրականացվել է Հայաստանի պետական սահմանի երեք հսկիչ անցագրային կետերի արդիականացում ' "Բագրատաշեն", "Բավրա" եւ "Գոգավան": Այդ երեք անցակետերի արդիականացման ընդհանուր բյուջեն կազմել է 54.43 մլն եվրո։ Հայաստանում ԵՄ պատվիրակության տեղեկատվության համաձայն, ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը ԵՄ-ից ստացել է 30,8 մլն եվրոյի վարկ, 17,2 մլն եվրոյի դրամաշնորհներ: Հայաստանի կառավարության համաֆինանսավորումը կազմել է 4,44 մլն եվրո։ ՄԱԶԾ-ի ֆինանսական ներդրումները կազմել են 1,9 միլիոն եվրո։