Արմինֆո. Հայաստանում թեթև արդյունաբերությունը սրընթաց աճում է, ինչի վկայությունն է նորանոր ֆաբրիկաների բացումը։ Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել դիզայներ, Հայաստանի նորաձեւության եւ դիզայնի պալատի հիմնադիր Վահան Խաչատրյանը։
"Ոլորտը գտնում է շուկաներ և, որպես հետևանք, ստեղծվում են նոր աշխատատեղեր և նոր արտադրանք, որը պահանջված է նաև արտաքին շուկաներում", - ասել է նա: Ավելին, վերջին 5 տարիների ընթացքում, բացի արտադրության որակի բարձրացումից, Հայաստանում նկատվում է սերտ համագործակցություն դիզայներների և ֆաբրիկաների միջև։ "Հայաստանում ֆաբրիկաներն արդեն հասկանում են, որ առանց դիզայնի և նոր ստեղծարար գաղափարների արտադրանքը արժեք չի ունենա։ Այդ պատճառով ֆաբրիկաներն այսօր բացում են իրենց խանութները, ստեղծում հավաքածուներ, որոնք նախկինում չեն եղել", - ընդգծել է Խաչատրյանը։
Միաժամանակ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը հաղորդել է, որ այսօր քննարկումներ են ընթանում Հայաստանում նորաձևության և դիզայնի զարգացման ռազմավարության ստեղծման շուրջ: Այս ռազմավարության մշակմանը կօգնի Մեծ Բրիտանիայի կառավարությունը։ "Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք մեր առջեւ կանգնած են: Մենք պետք է ստեղծենք ենթակառուցվածք, որի միջոցով հայ դիզայներները և հագուստ արտադրողները կարողանան պատվերներ ստանալ ամբողջ աշխարհից։ Հայկական նորաձևության ինդուստրիայի առավելությունները ոչ միայն ստեղծագործական գաղափարների և արտադրության որակի առկայության, այլև մարդկային կապիտալի հասանելիության մեջ են, ինչը Հայաստանին տալիս է բարձր մրցունակություն", - ասել է նա։ Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում հագուստի արտադրությունը կրճատվել է 2,7 տոկոսով' կազմելով 15.7 մլրդ դրամ: Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ 2020թ. առաջին կիսամյակում Հայաստանից հագուստի արտահանումը նվազել է 26,7% - ով ՝ կազմելով 4.4 հազ. հատ մաքսային արժեքի 46,1% նվազմամբ՝ մինչև 670.8 հազար դոլար: