Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020 18:27

Ռուսական Cbonds-ը եւ Հայաստանի ֆոնդային բորսան պայմանավորվել են համագործակցության շուրջ

Ռուսական Cbonds-ը եւ Հայաստանի ֆոնդային բորսան պայմանավորվել են համագործակցության շուրջ

Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) եւ ռուսական Cbonds ֆինանսավերլուծական գործակալությունը համագործակցության համաձայնագիր են կնքել գնանշումների տեղաբաշխման եւ AMX-ում շրջանառվող բաժնետոմսերի եւ պարտատոմսերի պարամետրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության ոլորտում:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են AMX-ում, բորսային տեղեկատվությունը կզետեղվի Premium Cbonds կայքում' արժեթղթերի լոկալ շուկայի մասին տեղեկատվության թափանցիկության եւ միջազգային պրոֆեսիոնալ հանրության համար մատչելիության բարձրացման նպատակով: Հայաստանի ֆոնդային բորսան նախատեսում է պաշտոնական վերլուծական եւ տեղեկատվական նյութեր զետեղել Cbonds Pages-ի անձնական էջում: Ինչպես հայտարարել է Cbonds ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Լյալինը, կարեւոր է կայքի օգտատերերին տրամադրել արդիական, ճշգրիտ եւ մանրամասն տեղեկատվություն: "Cbonds-ի եւ Հայաստանի ֆոնդային բորսայի համագործակցությունը թույլ կտա ապահովել Հայաստանի արժեթղթերի տվյալների ստացման առավելագույն ամբողջականությունը, ստացման արագությունը եւ արժանահավատությունը: Մենք հույս ունենք, որ դա կմեծացնի Ռուսաստանի եւ այլ երկրների ներդրողների հետաքրքրությունը  Հայաստանի արժեթղթերի շուկային նկտամամբ", - նշել է նա։ AMX-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, իր հերթին, հույս է հայտնել, որ գործակալության կայքում AMX-ի մասին արդիական շուկայական տեղեկատվության առկայությունը կբարձրացնի տարածաշրջանային եւ միջազգային ներդրողների հետաքրքրությունը AMX-ի ֆինանսական արտադրանքի եւ ծառայությունների նկատմամբ, ինչպես նաեւ կնպաստի հայկական եւ օտարերկրյա թողարկողների արժեթղթերի բորսային առեւտրի ակտիվացմանը: Այսօրվա դրությամբ ընկերության կայքում արդեն հասանելի են ավելի քան 600 Հայկական պարտատոմսերի եւ եվրապարտատոմսերի թողարկումների պարամետրերը, որոնցից շրջանառության մեջ է գտնվում ավելի քան 4 մլրդ դոլարի 130 թողարկում, ինչպես նաեւ տեղեկատվություն Հայաստանի բաժնետոմսերի 11 թողարկողների պարամետրերի մասին, սակարկությունների փակման գնանշումների եւ շրջանառության արխիվ: