Արմինֆո. Չնայած կորոնավիրուսի հետ կապված զգալի սթրեսին՝ Հայաստանի բանկային համակարգը կայունություն է դրսեւորել։ Սեպտեմբերի 24-ին Արարատբանկի ռեբրենդինգին նվիրված միջոցառման շրջանակում լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել բանկի խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը:
Այդ կապակցությամբ նա անդրադարձել է մակրոտնտեսական հետազոտության արդյունքներին, որոնք խոսում են այն մասին, որ համավարակի ազդեցությունը Հայաստանի բանկային համակարգի վրա այնքան էլ խիստ չէ, որքան սպասվում էր։ "Համակարգը կայուն է եղել", - ընդգծել է փորձագետը:
Սակայն, նա նկատել է, որ հապճեպ գնահատականներ տալ չարժե, քանի որ Եվրոպայում նոր է սկսվել կորոնավիրուսի երկրորդ ալիքը, իսկ Հայաստանի բանկային համակարգն ինտեգրված է միջազգային ֆինանսական շուկաներին: "Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե մոտ ապագայում ինչ ելք կունենա համավարակին առնչվող իրավիճակը։ Այս պահին ամեն ինչ դեռ կայուն է", - ասել է Հովհաննիսյանը։ Դրա հետ մեկտեղ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ կորոնաճգնաժամի պայմաններում շատ բանկեր ստիպված են եղել ընդառաջել հաճախորդներին եւ հետաձգել վարկային վճարումները, ինչը հանգեցրել է վերջիններիս որոշակի կորուստների: "Կարծում եմ, որ այդ կորուստները լրացնելու համար ԿԲ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որպեսզի, համապատասխանաբար, փոքր-ինչ նվազեցնի այդ ճնշումը", - հավելել է նա:
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, իր հերթին, հավելել է, որ համավարակը որոշակի խնդիրներ է ստեղծել, սակայն դա չի ազդել Հայաստանի բանկային համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակի վրա: Այս համատեքստում Սարգսյանը նշել է, որ քաղաքացիների մեծ մասը շարունակում է պահպանել իր խնայողությունները բանկերում: Բացի այդ, բանկային համակարգի իրացվելիության, կայունության եւ հուսալիության մասին, նրա համոզմամբ, խոսում է նաեւ այն, որ ոչ ռեզիդենտները նույնպես նախապատվությունը տալիս են Հայաստանի առեւտրային բանկերին՝ իրենց միջոցների պահպանման տեսանկյունից: