Շաբաթ, 3 Հոկտեմբերի 2020 12:42
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը կոչ է անում հայազգի բոլոր գործարարներին դադարեցնել թուրքական ծագման ապրանքների գնումը

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը կոչ է անում հայազգի բոլոր գործարարներին դադարեցնել թուրքական ծագման ապրանքների գնումը

Արմինֆո.ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը կոչ է անում հայազգի բոլոր գործարարներին դադարեցնել թուրքական ծագման ապրանքների գնումը և առավել ևս ներմուծումը Հայաստան։

 

<Սիրելի՛ հայրենակիցներ, ստեղծված իրավիճակում մեզանից յուրաքանչյուրի պարտքն է սատար կանգնել մեր պետությանը, մեր բանակին և Արցախին:

 

Այս օրհասական պահին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը կոչ է անում հայազգի բոլոր գործարարներին դադարեցնել թուրքական ծագման ապրանքների գնումը և առավել ևս ներմուծումը Հայաստան՝ այդ կերպ չնպաստելով մեր հակառակորդի զինմանը:

 

Այս դժվարին իրավիճակում կարևոր է գիտակցել, որ մեր յուրաքանչյուր դրամը թուրքական բյուջեում վերածվում է զինամթերքի, որը մշտապես կիրառվում է թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց հարող ահաբեկչական խմբավորումների կողմից խաղաղ բնակչության և սահմանապահ զինվորների դեմ պատերազմական գործողություններում:

 

Նույնիսկ փոքր այլընտրանքի դեպքում հորդորում ենք գնել տեղական արտադրանք՝ նպաստելով մեր հայրենքի ու բանակի հզորացմանը:

 

Մեր հայրենիքի ճակատագիրը կախված է յուրաքանչյուրիցս, և հետևաբար եկե՛ք յուրաքանչյուրս մեր հնարավորությունների սահմաններում կանգնենք մեր պետության և Արցախի անկախ Հանրապետության թիկունքին>,-ասված է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հայտարարության մեջ։

 

Նշենք, որ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալներով, այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 118.8 մլն դոլարի ապրանք, ինչը պակաս է տարեկան վաղեմության ցուցանիշից 14.3% - ով: