Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2020 20:14

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ կոլեգիայի նախագահին և անդամներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ կոլեգիայի նախագահին և անդամներին

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին և ԵՏՀ Կոլեգիայի անդամներին (նախարարներին):

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և վերջին զարգացումները՝ ընդգծելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը:

 

Փոխվարչապետը բարձր է գնահատել ԵՏՀ գործունեությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների միջև համագործակցության ու առևտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից:

 

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հանձինս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի Երևանում միջկառավարական խորհրդի նիստը կազմակերպելու համար:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Երևանում ս.թ. հոկտեմբերի 9-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցերին: