Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2020 18:53
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ ԿԲ գնահատական. Արժույթի տատանումները բնական են եւ միջամտություն չեն պահանջում

ՀՀ ԿԲ գնահատական. Արժույթի տատանումները բնական են եւ միջամտություն չեն պահանջում

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը ինտերվենցիաներ չի իրականացրել (նկատի ունի 2020թ. մայիսից - խմբ.): Այս մասին հոկտեմբերի 27 - ին  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

 

"Կենտրոնական բանկի հիմնական գործառույթներն են ֆինանսական կայունության եւ շուկայում գների կայունության ապահովումը, եւ արժույթը մեզ համար հետաքրքիր է բացառապես այն տեսանկյունից, թե որքանով է այն ասոցացվում այս երկու երեւույթների հետ", - ընդգծել է նա:

 

Միաժամանակ, Մ. Գալստյանը նշել է, որ ԿԲ-ն այս պահին նպատակահարմար չի գտնում միջամտել արժութային շուկայում տիրող իրավիճակին: "Քանի որ արտարժույթի տեղի ունեցող տատանումները, մեր գնահատականներով, բնական են, եւ միջամտություն չեն պահանջում", - պարզաբանել է նա:

 

Նշենք, որ ըստ ԿԲ-ի տվյալների, 2020թ.հունվար-օգոստոսին ԿԲ-ն արտարժույթի շուկայում կատարել է ընդհանուր առմամբ 217.9 մլն դոլարի ինտերվենցիաներ, որից 90.9 մլն դոլարի (հունվար-փետրվար եւ ապրիլ) առքի գծով եւ 127 մլն դոլարի (մարտ-ապրիլ) վաճառքի գծով, եւ այդ ժամանակահատվածում 1 դոլարի նկատմամբ դրամը հունվարի 479,09 դր/1դոլարից ապրիլին հասել է 493,1 դր/1դոլարի (առք/վաճառք): Եվ եթե հունվար-փետրվար ամիսներին արտարժույթի շուկայում ինտերվենցիաները բացառապես առքի գծով էին, իսկ մարտին՝ միայն վաճառքի գծով, ապա ապրիլին ԿԲ-ն կատարել է գործարքներ թե առքի, թե վաճառքի գծով, ընդ որում վաճառքի ծավալը գրեթե 2 անգամ գերազանցել է առքի ծավալը, ինչը առքի փոխարժեքը ձեւավորել է 481,66 դր/1դոլարի մակարդակում, եւ վաճառքի փոխարժեքը՝ 504,45 դր/$1-ի մակարդակում: Մայիս-օգոստոս ամիսներին Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայում գործարքներ չի կատարել։