
Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացած 1 100 հիվանդների վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Այդ մասին լրագրողներին հաղորդել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա պատմել է, որ թոքերի արհեստական օդափոխության սարքերին այս պահին միացված է 73 հիվանդ։ Ընդ որում, Թորոսյանը հավաստիացրել է, որ հանրապետությունում ԹԱՕ սարքերի պակաս չկա, քանի որ վերջիններիս գնման գործընթացը շարունակվում է: Այս պահի դրությամբ հոսպիտալացման է սպասում 897 քաղաքացի։ Իսկ կորոնավիրուսով հիվանդության կրկնակի դեպքերի թիվը, նախարարի խոսքով, աննշան է եւ հասել է 343-ի։
Հավելենք, որ, ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 107.466 դեպք, ապաքինվել է 64.910 մարդ, մահացել է՝ 1.580՝ գումարած 21 նախորդ օրվա ընթացքում: Այս պահին փաստացի բուժում է ստանում 40.569 հիվանդ: Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 1042 նոր դեպք է գրանցվել։