
Արմինֆո. Հայաստանը 2020 թվականը կավարտի 7,9 տոկոսով տնտեսական անկմամբ, 2021 թվականին աճի 3,2 տոկոսով վերականգնմամբ: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ կանխատեսվում էր, որ 2020 թվականը կավարտվի 6 տոկոս տնտեսական անկմամբ եւ 2021 թվականին 4,8 տոկոս աճով:
Այդ համատեքստում Ջանջուղազյանը նշել է, որ նախ կանխատեսումը վերանայվել է ռազմական գործողությունների սկսվելու կապակցությամբ 0,8 տ.կ. վատթարացման ուղղությամբ, իսկ բացասական կանխատեսման հետագա խորացումը պայմանավորված է նաեւ կորոնավիրուսի երկրորդ ալիքի սպասվող հետեւանքներով:
Անդրադառնալով ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների հարաբերակցությանը՝ նախարարը նշել է, որ, առաջնորդվելով սեպտեմբեր ամսվա արդյունքներով, չի բացառվում, որ 2020 թվականի ավարտին այդ ցուցանիշները կարող են մի փոքր ավելի բարձր լինել սպասվածից։
"Եթե նախկինում կանխատեսվում էր, որ 2020 թվականին հարկային եկամուտները կկազմեն 1.320 տրլն դրամ, ապա հենվելով սեպտեմբեր ամսվա ցուցանիշների վրա, կարծում եմ, որ տարին կավարտենք 1.350- 1.356 տրլն. Դրամի սահմաններում", - ասել է Ջանջուղազյանը։
Դրա հաշվին, ինչպես շարունակել է նախարարը, 30 մլրդ դրամով կնվազի նաև բյուջեի դեֆիցիտը, կազմելով 430 մլրդ դրամ՝ նախկինում կանխատեսված 459 մլրդ դրամի փոխարեն:
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի 2020թվականի վերջին կանխատեսմամբ (հոկտեմբեր, 2020թ.) Հայաստանի ՀՆԱ-ի անկումը կկազմի 6,3%, ավելի վաղ սպասվող 2,8%-ի և 2019թ. փաստացի 7,6% - ի աճի դիմաց: ՀԲ-ն ակնկալում է, որ 2021թ. Հայաստանի ՀՆԱ-ի աճը կհասնի 4,6%: