Երեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2020 13:10
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանին անհրաժեշտ է ֆինանսական դիվերսիֆիկացիա՝ ֆինանսական կայունության ապահովման համար

Հայաստանին անհրաժեշտ է ֆինանսական դիվերսիֆիկացիա՝ ֆինանսական կայունության ապահովման համար

Արմինֆո. Հայաստանին ֆինանսական դիվերսիֆիկացիա է անհրաժեշտ ֆինանսական կայունության ապահովման համար։ Այդ մասին դեկտեմբերի 1-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Նահապետյանը։

 

Նրա խոսքով, այսօր Հայաստանի ֆինանսական համակարգի հիմքը կազմում է բանկային հատվածը, որին բաժին է ընկնում 84 տոկոսը: Կենտրոնական բանկի խորհուրդը պետք է ջանքեր գործադրի նաեւ մյուս ֆինանսական ինստիտուտների զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ կապիտալի շուկայի եւ ապահովագրության զարգացումը: Այս հարցի լուծումը կպահանջի նոր նորմատիվ ակտերի եւ օրենսդրական նախաձեռնությունների ընդունում, որոնք կնպաստեն այդ ոլորտներում ներդրումների ներգրավմանը:

Կապիտալի շուկայում ներդրումների ներգրավման հնարավոր ուղղություններից մեկը, օրինակ, կարող է լինել ֆոնդային բորսայում պետական ընկերությունների բաժնետոմսերի տեղաբաշխումը։ Խոշոր ընկերությունները պետք է աստիճանաբար տեղափոխվեն բաց բաժնետիրական ընկերությունների կարգավիճակի, ինչպես նաեւ գրանցելով դրանք բորսայում:

 

Ինչ վերաբերում է ապահովագրության շուկայի զարգացմանը, ապա, Դավիթ Նահապետյանի խոսքով, կարեւոր է ներդնել պարտադիր ապահովագրության համակարգ, այդ թվում' կյանքի ապահովագրություն, որը Հայաստանում գոյություն չունի:

 

Անհրաժեշտ կլինի հատուկ ուշադրություն դարձնել սպառողների իրավունքների պաշտպանությանը։ Վերջին 10 տարիների ընթացքում ԿԲ-ն կարողացել է ստեղծել սպառողների իրավունքների պաշտպանության անհրաժեշտ մեխանիզմներ։ Բայց այս ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան։

 

Հավելենք, որ Դավիթ Նահապետյանը ՀՀ ԿԲ կառույցում աշխատում է ավելի քան 10 տարի: Ծնվել է 1977 թվականին, սովորել է Երեւանի եւ Մոսկվայի պետական համալսարաններում: Վերապատրաստվել է տարբեր միջազգային ֆինանսական կառույցներում։ Նրա թեկնածությունն առաջադրել է իշխող "Իմ քայլը"խմբակցությունը։