
Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովում կձեւավորվի բիզնեսի խնդիրներին արագ արձագանքման խումբ: Այդ մասին դեկտեմբերի 2-ին տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում հաղորդել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով՝ խմբի ստեղծման հարցը համաձայնեցված է "Իմ քայլը" իշխող խմբակցության՝ տնտեսության հարցերով զբաղվող բոլոր պատգամավորների հետ։ Խումբը, ինչպես նշել է Թունյանը, օպերատիվ կարգով կլուծի այն բոլոր խնդիրները, որոնց բախվում են գործարարները, լինի դա շինարարության իրավունքի տրամադրումը կամ բիզնեսի հարաբերությունները պետական տարբեր մարմինների հետ: Նախատեսվում է խումբը ձևավորել հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի գործարարները հնարավորություն ունենան ստանալ իրենց հուզող խնդիրների պատասխանները։ Խմբում կընդգրկվեն նաև ընդդիմության ներկայացուցիչներ՝ նրանց համաձայնության առկայության դեպքում։ Համապատասխան որոշման նախագիծը և խմբի կազմը կհաստատվի հանձնաժողովի առաջիկա նիստում: "Կոչ եմ անում պետական մարմինների ներկայացուցիչներին առավելագույնս օպերատիվ լինել ստեղծվող խմբի հարցումներին, որպեսզի բիզնեսի համար լրացուցիչ խնդիրներ չստեղծեն ՝ ժամանակ ձգել, ստեղծել դատավարական խնդիրներ, տրամադրել տարընթերցվող մեկնաբանություններ և այլն", - ընդգծել է Բաբկեն Թունյանը ՝ կոչ անելով պետական կառույցներին այս պատասխանատու պահին բարձրացնել իրենց պատասխանատվության մակարդակը: