
Արմինֆո. Հայաստանում սոցիալական գովազդը կազատվի հարկումից։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ի նիստում դրական եզրակացություն է տվել Հարկային օրենսգրքում եւ հարակից օրենքների փաթեթում փոփոխությունների վերաբերյալ կառավարությունը ներկայացրած օրինագծին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով ՝ ՀՀ կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացման, տարածքային զարգացման անհամաչափության մեղմացման, ինչպես նաև վարչատարածքային բարեփոխումների շարունակական գործընթացի ապահովման ուղղությամբ: Մասնավորապես, կիրականացվեն լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում ՝ առողջության առաջնային պահպանման, միջհամայնքային ճանապարհների պահպանության և շահագործման, հանրակրթական դպրոցների շենքերի պահպանման և շահագործման, համալիր սոցիալական ծառայությունների կազմակերպման և իրականացման ոլորտներում: Օրենքի նախագծով նախատեսվում է հարկումից ազատել գովազդային վահանակներում, ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված սոցիալական գովազդը, ընկերության դատարկ գովազդային վահանակների եւ սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը, համապատասխանեցնել համայնքներում վճարվող գովազդի համար տեղական տուրքերի դրույքաչափերին: Առաջարկվող փոփոխություններով այդ վահանակների տեղադրման թույլտվությունների տրամադրումը եւ տուրքի գանձումը կիրականացվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Առաջարկվում է նաև սահմանել նորմ, ըստ որի ՀՀ կառավարությունը կհաստատի օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանի ապամոնտաժման կարգը: Արմեն Սիմոնյանը կարևորել է նախագիծը, մասնավորապես, տարածքային համաչափ զարգացման առումով և նշել, որ ներկայացված փաթեթը լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված քայլերից մեկն է: Հաշվի առնելով ներկայացված փաթեթի արդիականությունը ՝ առաջարկվում է երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկել եւ ընդունել այն լիագումար նիստում ՝ առաջին ընթերցմամբ ընդունելու պահից 24 ժամվա ընթացքում: