Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Ավստրիական զարգացման տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Քարներին և Երևանում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին։
Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը։
Հանդիպման ընթացքում հյուրերը համառոտ ներկայացրել են Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) հիմնական առաքելությունը, մասնավորապես՝ գործակալության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։ Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին, քննարկվել են համատեղ նոր ծրագրերի առավել նպատակահարմար ուղղությունները։
Նախարար Վահան Քերոբյանն ընդգծել է ընթացիկ ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկելու կարևորությունը։
Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ավստրիական զարգացման գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր քաղաքականության և օրենսդրական դաշտի մշակման հարցերով փորձագիտական խորհրդատվության և խորհրդատվական աջակցության վերաբերյալ։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Ավստրիական զարգացման տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Քարները։
Հուշագրով նախատեսվում է փորձագիտական և խորհրդատվական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությանը գյուղատնտեսության զարգացման քաղաքականության մշակման և օրենսդրական դաշտի բարելավման նպատակով՝ ապահովելով Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայմանները։
RUB | 4.17 | -0.01 |
USD | 387.32 | -0.13 |
EUR | 432.44 | 0.24 |
GBP | 518.62 | 0.21 |
CAD | 287.39 | -0.33 |
JPY | 27.04 | 0.20 |
CNY | 55.24 | -0.02 |
CHF | 459.07 | 2.01 |