Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը տեսաhանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ։
Ողջունելով ՀԲ-ի պատվիրակությանը՝ նախարար Վ. Դումանյանը բարձր է գնահատել բանկի հետ համագործակցությունը և ընդգծել, որ նախարարությունը շահագրգիռ է իրականացվող ծրագրերի շարունակականությամբ և պատրաստակամ է զարգացնել այդ գործընկերությունը։
«Ցավոք, ամբողջ աշխարհում համավարակն իր բացասական ազդեցությունն ունեցավ նաև կրթական համակարգի վրա։ Բացի դրանից՝ մեր երկիրն անցավ սարսափելի պատերազմի միջով, և մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ երկրի անվտանգության և զարգացման հիմքում միանշանակ ընկած է կրթությունը։ Արցախի մշակութային ժառանգության մի զգալի հատված, դժբախտաբար, գտնվում է անմիջական վտանգի ներքո, հետևաբար մենք կարևորում ենք համամարդկային այդ արժեքների պահպանությունը, այդ թվում՝ առաջադեմ մարդկության ջանքերի շնորհիվ»,-նշել է նախարարը և շեշտել, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունն անբաժանելի են, և բնագիտական ուղղություններին հատուկ կարևորություն է տրվելու։ Վ. Դումանյանի խոսքով՝ հանրակրթության ոլորտում, որը հանդիսանում է կրթության հիմքը, բարեփոխումները ևս կշարունակվեն։
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն Վահրամ Դումանյանին շնորհավորել է նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և փաստել, որ ՀԲ-ն տարիներ շարունակ եղել է Հայաստանի գործընկերը կրթության ոլորտում՝ սկսած վաղ մանկությունից մինչև բարձրագույն կրթության ոլորտ։ Ըստ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի՝ համատեղ իրականացվող ծրագրերից մեկը մոտենում է ավարտին, և անհրաժեշտ է նախանշել հետագա համագործակցության ուղղությունները և առաջնահերթությունները։ Սիլվի Բոսութղոն վստահություն է հայտնել, որ Հայաստանը կարող է լավագույնս իրացնել ՏՀՏ ոլորտի իր ներուժը, մասնավորապես՝ արհեստական բանականության բնագավառում։
«Հայաստանի մարդկային ներուժն ահռելի է, և դա պետք է օգտագործել՝ ի նպաստ ՀՀ տնտեսության և հասարակության զարգացման։ Չնայած առկա բոլոր դժվարություններին՝ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, շարունակի ապրել և լիարժեք իրացնել այդ ներուժը»,- ասել է Սիլվի Բոսութղոն։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչը շնորհավորել է Հայաստանին՝ վերջերս հրապարակված մաթեմատիկայի և բնագիտության 2019 թվականի միջազգային գնահատման արդյունքների կապակցությամբ՝ նշելով, որ մեր երկիրն արձանագրել է 42 միավորային կետով բարելավում, ինչը, ըստ նրա, ահռելի առաջընթաց է։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է ՀԲ-ի հետ իրականացվող «Կրթության բարելավում» և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրերի բարեհաջող ընթացքին՝ որպես գործընկեր ընդգծելով բանկի աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը։ Նա նաև ներկայացրել է 2021-25 թթ. կրթության ռազմավարության մշակման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
Ժաննա Անդրեասյանն իր հերթին անդրադարձել է վերոնշյալ երկու ծրագրերի շրջանակում իրականացվող գործընթացներին, մասնավորապես՝ առարկայական չափորոշիչների մշակման, հետագայում դրանց ներդրման, ուսուցիչների լայնածավալ վերապատրաստման, դասագրքրեի փոփոխության և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման խնդիրներին։ Փոխնախարարը կարևորել է նախակրթարանների հիմնման, ավագ դպրոցների հիմնանորոգման, «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» միջոցով բուհերում լաբորատորիաների կազմավորման գործընթացները։ Նա նաև շեշտել է համավարակի պայմաններում մեկ այլ կարևոր համագործակցության՝ ճգնաժամային իրավիճակում նախադպրոցական ծառայությունների մոդելի գծագրման և դաստիարակների վերապատրաստման ծրագրի, ինչպես նաև մարզային 101 ուսումնական հաստատություններում, որտեղ ուսուցչի բացակայության պատճառով որևէ առարկա չի դասավանդվում, հեռաուսուցման լաբորատորիաներ ստեղծելու մասին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հետագա աշխատանքային քննարկումների ընթացքում առավել մանրամասն և հստակ կնախանշվեն համագործակցության ուղղությունները։