
Արմինֆո. Հայաստանում ամեն ինչ 180 աստիճանով փոխվել է։ Եվ դրա գիտակցումը պետք է հանգեցնի այն բանին, որ պետք է փոխել քաղաքականությունը երկրի զարգացման հեռանկարների առումով։ Դեկտեմբերի 17-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
"Փորձագիտական եւ մասնագիտական հարթակներից պետք է ահազանգեր ստացվեն խնդիրների եւ դրանց լուծման ուղիների տեսլականի մասին։ Մենք բոլորս միասին պետք է ինտենսիվորեն զբաղվենք հեռանկարային զարգացման ծրագրերով։ Պետք է մեծ ցուցակ կազմել, թե ինչ է մեզ սպասվում առաջիկա 5 տարիներին ժողովրդագրական առումով, ինչի մասին մենք գիտենք, բայց դրա վրա աչք ենք փակել ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի հետ կապված, և չէինք ուզում այդ մասին լսել ու տեսնել։ Մենք լավ գիտեինք, որ պատրաստ չենք պատերազմի, այդ տարածքների շուրջ վեճը միշտ էլ եղել է, և հիմա գիտենք, որ կա Հայաստան-Ադրբեջան սահմանների խնդիր, բայց իշխանություններին ձեռնտու էր այդպես ապրել", - նշել է նա։
Խոսելով արժութային շուկայում ստեղծված իրավիճակի, դրամի արժեզրկման մասին՝ Վ. Խաչատրյանը հայտարարել է. "Իսկ ի՞նչ էինք մենք սպասում: Առավել եւս՝ ռազմական դրության պայմաններում, այն էլ կորոնավիրուսի երկրորդ ալիքի ֆոնին ՝ դրա տարածման արագ տեմպերով։ Վաղն արդեն եկել է։ Միջազգային շուկայում պարենային ապրանքների գների աննախադեպ աճ է դիտվել հուլիսից և շարունակվում է մինչ օրս։ Այսպես, FAO-ի հաշվարկած պարենային ապրանքների գների միջին ինդեքսը հուլիսին կազմել է 5,4 տոկոս՝ հոկտեմբերին նվազելով մինչեւ 2 տոկոսով:
Բայց եթե Ռուսաստանը հնարավորություն ունի, եւ կան տարբեր պարենային ապրանքների գների վրա ազդելու գործիքներ, օրինակ՝ ալյուրի եւ արեւածաղկի յուղի, որոնց գները բարձրացել են 65 տոկոսով եւ ավելի քան 20 տոկոսով, կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում դրանց կարգավորման ուղղությամբ ՝ գների սահմանափակում սահմանելու ուղղությամբ, ապա Հայաստանը դա չունի։
Եվ նման պայմաններում, հաշվի առնելով եկող տարի սպասվող խնդիրները, այդ թվում ՝ բյուջետային, այն դեպքում, երբ միջազգային պահուստները դեռևս բավարար մակարդակի վրա են, արժութային շուկայում չէր կարող չառաջանալ այնպիսի իրավիճակ, ինչպիսին նկատվում է։ Բայց վերջինիս պատճառը ոչ թե մանր խաղացողներն են, այլ խոշորները՝ բիզնես միջավայրի ներկայացուցիչները, որոնք նախընտրեցին ստեղծված իրավիճակում միջոցներ դուրս բերել"։ Նա պարզաբանել է, որ հենց մի քանի խոշոր ձեռնարկություններ մի քանի բանկերից տարբեր պատրվակներով հանել են միջոցներ տարբեր երկրներում ներդրումների համար, ինչն էլ իրարանցում է առաջացրել արժութային շուկայում:
Սակայն ԿԲ-ն, այնուամենայնիվ, միջամտեց՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը (դեկտեմբերի 15 - ից 1 տոկոսային կետով ՝ մինչև 5,25% - խմբ.) ՝ գնաճը նպատակային շեմի գերազանցումից հետ պահելու համար (4%, +/- 1,5): "Այո, այս քայլը անհասկանալի է նվազող տնտեսական ակտիվության պայմաններում, բայց, ամեն դեպքում, ծառայեց որպես ապահովագրում։ Սակայն դրա պատճառով լրացուցիչ խնդիրներ կառաջանան թե բանկային համակարգում, թե ներդրումների առումով։ Իմ պատկերացմամբ ՝ մենք ուզում ենք ավելի զգույշ լինել, քան սովորաբար, հատկապես, ֆինանսական շուկայում, որն այն բացառիկ հատվածն է, որտեղ ամեն ինչ կարգավորվում է, վերահսկվում եւ աշխատում է տրամաբանության շրջանակներում, մինչդեռ, մյուս ոլորտներում տրամաբանությունը իսպառ վերացել է։ Դա պետք է խոստովանել։ Հենց այդ անորոշությունն է հասարակությանը և գործարար միջավայրին դրդում քայլերի, որոնք հանգեցրին արժութային շուկայում ստեղծված իրավիճակին", - ասել է նա։
Վ. Խաչատրյանն ընդգծել է երկու գործոն ՝ արտաքին ազդակներ և ներքին անորոշություն։ Ընդ որում, վերջինի վերաբերյալ նա նկատել է, որ այստեղ դժվար է կանխատեսել, թե ինչն է ավելի խորացնում իրավիճակը։ "Սա է Հայաստանի արժութային շուկայում և երկրի տնտեսական կյանքում առկա խնդիրների պատճառը։ Լուրջ խնդիրներ են նկատվում և ներդրումների հետ կապված իրավիճակում՝ 2021 և 2022 թվականներին բարդություններն անխուսափելի են։ Թե հաջորդ տարի սպասումները որքանով են արդարացվելու, կախված կլինի Ղարաբաղյան պատերազմի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետագա ընթացքից և տարածաշրջանային խնդիրներից", - եզրափակել է Վ.Խաչատրյանը: