Արմինֆո.IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։
Բանկի մասնաճյուղերում այսօրվանից տեղադրված են ծրարներ՝ արցախցի փոքրիկների երազանքներով, որոնք կատարելու համար անհրաժեշտ է 5000 ՀՀ դրամից սկսած գումար տեղադրել ծրարի մեջ և նետել այն համապատասխան արկղը։ Այս տարի բացի երեխաների համար նվերներ պատրաստելուց Վորլդ Վիժն Հայաստանը որոշել է նաև սննդի փաթեթներ տրամադրել պատերազմից տուժած ընտանիքներին։ Սննդի փաթեթի նվազագույն արժեքը 10․000 դրամ է։
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախից Հայաստան ժամանած ընտանիքների մեծ մասը դժվարությամբ են հոգում իրենց ամենակենսական կարիքները և երեխաների ամանորյա նվերի մասին շատ հաճախ չեն էլ մտածում։ Վորլդ Վիժնի արշավը ոչ միայն թույլ կտա ապահովել ամանորյա հրաշալի տրամադրություն երեխաներին, այլ նաև կապահովի նրանց ընտանիքներին երկու շաբաթվա համար նախատեսված սննդով», - նշում է Վորլդ Վիժն Հայաստանի Շահերի պաշտպանության և համագործակցության հարցերով խորհրդատու Գայանե Մարտիրոսյանը։
Արկղերն IDBank-ի երևանյան մասնաճյուղերում տեղադրված կլինեն մինչև դեկտեմբերի 28-ը․ «Գաղտնի Ձմեռ պապ» դառնալու ցանկություն ունեցողներն ընդամենը պետք է իրենց Idram&IDBank հավելվածով սքանավորեն արկղի վրա տեղադրված QR կոդն ու կատարեն նվիրատվություն։
#դարձիր_գաղտնի_Ձմեռ_պապ
#IDBank
#SecretSanta
#ՎորլդՎիժնՀայաստան