Արմինֆո. Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան 2020թ.արդյունքներով ակնկալում է զբոսաշրջային հոսքի 80% նվազում: Այդ մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Այս համատեքստում նա նշել է, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների մոտավոր թիվը կկազմի շուրջ 350 հազար զբոսաշրջիկ՝ 2019 թվականի 1.5 մլն-ի դիմաց։
Միաժամանակ, Ապրեսյանը հաղորդել է, որ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության տվյալներով՝ 2020 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում աշխարհում տուրիստական այցելությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 72 տոկոսով կամ 900 մլն-ով: Տարվա արդյունքներով անկումը, նրա խոսքով, կգրանցվի տարեկան 70-75 տոկոսի մակարդակում: "Այսպիսով, տուրիստական այցելությունների թիվը տարեկան կտրվածքով կկրճատվի 1 մլրդ-ով", - ասել է Ֆեդերացիայի ղեկավարը: Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում տիրող իրավիճակին՝ Ապրեսյանը նշել է, որ որոշակի աշխուժություն է դիտվել բացառապես ներքին զբոսաշրջության մասով, չնայած այն հանգամանքին, որ դինամիկան բացասական է։ Բայց ընկերությունները, որոնք զբաղվում են միայն միջազգային զբոսաշրջությամբ, դեռ լճանում են՝ չնայած կառավարության աջակցության ծրագրերին։ Այդ առումով նա պարզաբանել է, որ հակաճգնաժամային պետական միջոցառումները, որոնք ենթադրում էին տուրօպերատորների համար վճարումների հետաձգում կես տարով, պայմանների վերանայման կարիք ունեն, մասնավորապես, վճարումների մարման ժամկետների երկարաձգում, առնվազն, մինչեւ ապրիլ: Նման անհրաժեշտությունը Ապրեսյանը բացատրել է նրանով, որ ընկերությունները չեն հասցրել վերականգնել իրենց եկամուտները, որպեսզի կատարեն վճարային պարտավորությունները՝ ռազմական գործողություններ սկսելու պատճառով։
"Մեր առջև այսօր խնդիր է դրված ոլորտը փրկել կործանումից։ Դրա համար անհրաժեշտ է զբոսաշրջության ոլորտի համար հատուկ ծրագիր մշակել, որը նախադրյալներ ու հիմքեր կունենար ոչ միայն կորոնավիրուսի ու ռազմական գործողությունների հետեւանքները կանխելու, այլեւ հետագա զարգացման համար", - ասել է նա։ Ընդ որում, փորձագետը նշել է, որ նման ծրագիր մշակելուց առաջ անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել մասնավոր հատվածի հետ, այլ ոչ թե՝ հակառակը: "Սա պետք է մեզ համար սկզբունք դառնա", - ընդգծել է նա: