Արմինֆո. Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման և «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ կողմից ընդունված որոշման՝ ՀՀ կենտրոնական բանկն իրազեկում է. «ՄՈԳՈ» ՈՒՎԿ այն հաճախորդները, որոնք սկսած 01.09.2019 թ-ից մինչև 31.12.2020 թ-ը ընկած ժամանակահատվածում Ընկերությունում կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ և որոնց գծով չի կատարվել վերահաշվարկ վարկերի մարման պահին, կարող են հետ ստանալ Ընկերության կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թ. ընթացքում` համաձայն ստորև բերվող ժամանակացույցի։
«Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի Նախագահի 2020 թ. դեկտեմբերի 23-ի որոշումով պատասխանատվության միջոց է կիրառվել «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի նկատմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների համաձայն։
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով», - ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրությունում։ Հարցերի դեպքում «ՄՈԳՈ» ՈՒՎԿ հաճախորդները կարող են դիմել. էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ (012) 700 700:
Նշենք, որ "ՄՈԳՈ" ՍՊԸ ունիվերսալ վարկային կազմակերպությունը ("ՄՈԳՈ" ՈՒՎԿ) գրանցվել է 2017 թվականի հունիսի 23-ին: Որպես միանձնյա սեփականատեր հանդես է գալիս AS MOGO BALTICS AND CAUCASUS stock company-ն։
ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի վարկային ընկերությունների ռենքինգի 30.09.2010 թ.տվյալներով, վարկային ներդրումների ծավալով «ՄՈԳՈ» ՈՒՎԿ-ն 14-րդ տեղն է զբաղեցնում ունիվերսալ վարկային ընկերությունների շրջանում' 6.7 մլրդ դրամ ծավալով ($13.7 մլն): «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ակտիվներն այդ ամսաթվի դրությամբ կազմել են 8.4 մլրդ դրամ ($17.2 մլն), եւ այդ ցուցանիշով ընկերությունը զբաղեցնում է 15-րդ տեղը: