Արմինֆո. Լեռնահանքային ոլորտի ընկերությունների հաշվետվությունները չեն կարող վստահություն ներշնչել։ Այս մասին հունվարի 19-ին ԱԺ-ում ներկայացնելով մետաղական հանքավայրերի ոլորտում կառավարության հաստատած ներդրումային ծրագրերի օրինականության եւ հիմնավորվածության ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի մասին զեկույցը՝ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը։
Նրա խոսքով ՝ հանձնաժողովը, որը ստեղծվել է օրենքի ուժով ՝ պատգամավորական կորպուսի 1/4-րդի պահանջի հիման վրա, ուսումնասիրություններ է իրականացրել 30 մետաղական հանքավայրերում։ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ երկու մետաղական հանքավայրերի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: Մետաղական հանքավայրերի շահագործման ոլորտում զբաղված 27 ընկերությունների տրված լիցենզիաների գործողության ժամկետներն ավարտվում են ՝ սկսած 2025 թվականից մինչև 2045 թվականը ։ Ընդ որում, այդ ընկերություններից ոչ մեկը չի վճարել շահութահարկը ։ Գրեթե բոլոր այդ հանքավայրերում ներդրումների ծավալների եւ երկրի կառավարության հաստատած ծրագրերի ծավալների մասին հավաստի տվյալներ չեն ստացվել։ Ավելին, մի շարք դեպքերում հանքավայրերի շահագործման ժամանակ խախտվել են բնապահպանական նորմերը, որոնք բացասաբար են ազդել մոտակայքում գտնվող մշակութային հուշարձանների վրա ։
Հանձնաժողովն առաջարկել է լայն քննարկումներ անցկացնել մասնագետների եւ պաշտոնատար անձանց ներգրավմամբ՝ բացահայտելու ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Նաեւ առաջարկվել է մշակել եւ ընդունել հարցի լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետների հետ համատեղ անցկացնել տեսակոնֆերանս՝ մշակույթի հուշարձանների կարգավիճակի հստակեցման համար: Առաջարկվում է նաեւ մեխանիզմներ մշակել լեռնահանքային ոլորտի ընկերությունների կողմից իրենց հաշվետվությունները ամենամսյա ներկայացնելու համար: Նշենք, որ օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը` այդ թվում` 22 մետաղական: Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են 7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու և ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային և 1 ալյումինահանքային հանքավայր: