Արմինֆո. Հայաստանի իշխանությունները չկարողացան ճիշտ և հակաճգնաժամային քաղաքականություն մշակել, ինչի արդյունքում 2021 թվականին մարդիկ կշարունակեն զգալ կորոնավիրուսի և պատերազմի հետ կապված բացասական հետևանքները։ Այս մասին հունվարի 29-ին հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է "Հանուն սոցիալական արդարության" կուսակցության առաջնորդ, "Ժողովրդի ձայն" ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը։
Հիշեցնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ 2021 թվականը լինելու է Հայաստանի տնտեսական հավակնությունների վերականգնման տարի, փորձագետը, մատնանշելով պաշտոնական վիճակագրությունը, հայտարարել է, որ 2021 թվականը լինելու է խորը ճգնաժամի գիտակցման տարի, որում գտնվում է երկիրը. "Ի սկզբանե 2020թ. նախատեսվում էր 4,8% տնտեսական աճ, սակայն վերջերս Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ մենք կունենանք անկում 8,5% - ի սահմաններում (անկում ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման մասով)։ Իհարկե, համաճարակն ու պատերազմը Արցախում շատ մեծ հարված հասցրեցին երկրի տնտեսությանը, Բայց իշխանությունները չկարողացան ճիշտ և հակաճգնաժամային քաղաքականություն մշակել, ինչի արդյունքում էլ 2021 թվականին մարդիկ կշարունակեն զգալ այդ բացասական հետևանքները։ Ցավոք, այսօր կառավարությունը ոչ միայն պատասխաններ չի տալիս, թե ինչպես լուծել այդ հարցերը, այլև հանրությանը չի ներկայացնում, թե ինչ է անելու հետագայում", - նշել է նա։
Ըստ Ղուկասյանի, Հայաստանն ընթացիկ տարում պատրաստվում է պետական պարտքը հասցնել 8 մլրդ դոլարի (400 մլն դոլար՝ Արժույթի միջազգային հիմնադրամից): "Նույն Փաշինյանը հայտարարում էր, որ բանակը կարող ենք զարգացնել միայն զարգացած տնտեսությամբ, բայց ակնհայտ է, որ տնտեսության զարգացումը չի կարող լինել իմիտացիոն, ինչպես դա եղավ վերջին 2,5 տարում. պետք է ներկայացվեն կոնկրետ ծրագրեր և կոնկրետ քայլեր", - ընդգծել է նա: Ղուկասյանը նաև հավելել է, որ դեռևս պետք է իմանալ կորուստների բոլոր մասշտաբները, որոնք Հայաստանը կրել է անցած տարվա ընթացքում:
Փորձագետը վստահ է, որ Հայաստանի տնտեսության առողջացման գործում մեծ դեր կարող է խաղալ Եվրասիական տնտեսական միությունը, բայց, ամեն դեպքում, տնտեսության վերականգնումն անհնար է առանց կոնկրետ գործիքների եւ մեթոդաբանության, որը պետք է հստակ ձեւակերպի Հայաստանի կառավարությունը:
Ինչ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքի ապաշրջափակմանը, ապա Ղուկասյանը երկրի փորձագիտական հանրությունը կոչ է արել վերլուծել ու ներկայացնել, թե ինչ ռիսկեր կարող են կրել այդ գործընթացները, ինչպես Հայաստանը կարող է նվազագույնի հասցնել այդ ռիսկերը, և ինչպես կարելի է առավել արդյունավետ օգտագործել այդ հնարավորությունը:
"Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները պետք են մեր քաղաքացիներին ։ Կառավարությունը պետք է ազնվորեն ներկայացնի իրավիճակի եւ այն մարտահրավերների լուծումների վերաբերյալ իր տեսլականը, որոնք ծառացած են Հայաստանի առջև, քանի որ այն, ինչ եղել է վերջին 2,5 տարում, այլևս չի աշխատելու",- եզրափակել է նա: