
Արմինֆո. ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթի ներդրումը տվյալ պահին բացասական ազդեցություն կունենար անդամ երկրների ՀՆԱ-ի վրա։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը՝ "ԵԱՏՄ ազգային արժույթների դերի բարձրացում միջազգային հաշվարկներում" խորագրով շնորհանդեսի ժամանակ: Իր կարծիքը փորձագետը պայմանավորել է միավորման անդամ երկրների համար միասնական արժույթի թեմայով ավելի վաղ անցկացված հետազոտության արդյունքներով:
"Երկարաժամկետ հեռանկարում կարելի է վերադառնալ այդ հարցին, երբ կիրականացվեն մի քանի պայմաններ", - ասել է նա: Այս համատեքստում Վինոկուրովը մատնանշել է ներքին կայունության բարձրացումը, փոխադարձ ներդրումների աճը, առեւտրի ծավալները, արժութային շուկաների կարգավորման միասնականացումը, դրամավարկային քաղաքականության մոտեցումների համակարգումը եւ այլն:
"Երբ առաջընթաց գրանցվի ԵԱՏՄ շրջանակներում, այն ժամանակ էլ հնարավոր կլինի վերադառնալ միասնական արժույթի թեմային", - ամփոփել է տնտեսագետը: