Երեքշաբթի, 2 Փետրվարի 2021 12:36
Կարինա Մելիքյան

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ-ը փետրվարի 4-ին շուկայում կտեղաբաշխի դոլարային պարտատոմսերի հերթական տրանշը՝  10 մլն դոլար ծավալի

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ-ը փետրվարի 4-ին շուկայում կտեղաբաշխի դոլարային պարտատոմսերի հերթական տրանշը՝  10 մլն դոլար ծավալի

Արմինֆո.2021 թվականի փետրվարի 4-ից մինչև 2021 թվականի փետրվարի 26-ը ներառյալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.

Դասը՝ անվանական արժեկտրոնային, անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, ընդհանուր ծավալը՝  10,000,000 ԱՄՆ դոլար, քանակը՝ 100,000 հատ, շրջանառության ժամկետը ՝ 27 ամիս,  արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 4,75%, արժեկտրոնային վճարման պարբերականությունը՝ 3 ամիս: 

 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կայքում զետեղված հաղորդագրության համաձայն,  պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. մարտի 16-ի Թիվ N 1/164Ա որոշմամբ, դրա առաջին լրացումը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. հուլիսի 22-ի Թիվ N 1/408Ա որոշմամբ, իսկ երկրորդ լրացումը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. նոյեմբերի 27-ի Թիվ N 1/631Ա որոշմամբ:

 

«Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի և դրա լրացումների տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2): Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ` ինտերնետային կայքում` հետևյալ հղմամբ:  Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր: Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը ներառյալ պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով Տեղաբաշխողի կողմից «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043100494501 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում», - ասվում է հաղորդագրությունում

 

 

AMX-ի տվյալներով, ֆոնդային բորսայում ս.թ. փետրվարի 2-ի դրությամբ գնանշվում է Ամերիաբանկի  պարտատոմսերի 18 թողարկում' 12 դոլարային և 6 դրամային: Դոլարային թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 105.71 մլն դոլար, իսկ դրամայինինը՝ 22.1 մլրդ դրամ։ Դոլարային տրանշերի մարումը տեղի կունենա 2021-2023թթ. 2021թ. մայիսին, սեպտեմբերին և նոյեմբերին' չորս տրանշ , 2022թ. փետրվարին, հունիսին, հուլիսին, հոկտեմբերին և դեկտեմբերին' վեց տրանշ, 2023թ. մարտին և մայիսին' երկու տրանշ: Իսկ դրամային տրանշերը մարվելու են 2021թ. սեպտեմբերին (մեկը), 2022թ. փետրվարին, հուլիսին և նոյեմբերին (չորսը) և 2023 թ.մարտին (մեկը)։

 

ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 31.12.2019 թ. տվյալներով, Ամերիաբանկն առաջատար է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների ծավալով ' 54.6 մլրդ դրամ կամ 113.8 մլն դոլար: Եռամյա կտրվածքով բանկն այդ ցուցանիշը ավելացրել է 3 անգամ: Այս ցուցանիշի ընդհանուր ծավալում Ամերիաբանկին բաժին է ընկել շուրջ 30% - ը: Մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումից Ամերիաբանկի ներգրաված միջոցների ծավալը հասել է 68.9 մլրդ դրամի ($141 մլն) ' ապահովելով 28.8% տարեկան աճ, այս տարվա 9 ամիսների ընթացքում՝ 26,2%,  ընդ որում,  միայն 3-րդ եռամսյակում ' 25,5%: Ամերիաբանկը բավականին ակտիվ է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայում ՝ թողարկելով իր արժեթղթերը 2016թ. մարտից, և նույն թվականին նախաձեռնելով առաջին թողարկումը միջազգային շուկայում ՝ հունիսին իր ներդրումային կառավարչի ՝ responsAbility Investments AG ընկերության միջոցով հաջողությամբ տեղաբաշխել է 20 մլն դոլար ծավալի պարտքային արժեթղթերը լյուքսեմբուրգյան 4 ներդրումային ֆոնդերում: Ամերիաբանկը բազմիցս ճանաչվել է "արժեթղթերի միջազգային շուկայում Դեպոզիտար համակարգի հաշվի կաստադիան լավագույն օպերատոր":

 

Հիշեցնենք, որ 1996թ. հոկտեմբերի 31-ից հայաստանյան շուկայում գործող Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: 2020թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերերն են հանդիսանում Imast Group (CY) Limited (նախորդ անվանումը 'Ամերիա Գրուպ (Սի - Ուայ)՝ 48,95%, EBRD՝ 17,76%, Ասիական Զարգացման Բանկը' 13,94%, ESPS Holding Limited՝ 11,83% եւ Afeyan Foundation for Armenia Inc.՝ 7,52%: