Արմինֆո. Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2021 թ. պետբյուջեում, փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում և գումար հատկացրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» որոշման հիման վրա կազմակերպված դրամաշնորհի մրցույթում հաղթող ճանաչված տնտեսավարող սուբյեկտներին` ՏՏ ոլորտի պրոդուկտ ստեղծող ընկերություններին, դրամաշնորհի տրամադրման գործընթացը կազմակերպելու համար:
Հիմնավորման համաձայն՝ միջոցառմանը վերաբաշխման միջոցով հատկացվել էր 888 մլն դրամ, որից հետո հատկացվել է ևս լրացուցիչ 217,9 մլն դրամ՝ հաշվի առնելով փաստացի հաղթողների թվաքանակը և տրամադրվող դրամաշնորհների չափը։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության պատճառով, հաղթող կազմակերպությունների հետ պայմանագրեր չկնքվեցին և միջոցառման համար նախատեսված 1,1 մլրդ դրամը կառավարության համապատասխան որոշմամբ ամբողջությամբ կրճատվել և ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։
Ինչպես նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, մրցույթին մասնակցել է 330 ընկերություն, որից հաղթել է 64-ը: Նախարարը տեղեկացրել է, որ ներկայում որոշակի հնարավորություններ են ստեղծվել նախարարության բյուջեում վերաբաշխում իրականացնելու և միջոցառումն ավարտին հասցնելու համար: Ըստ նրա՝ ստարտափ ընկերությունները նախորդ տարվա ընթացքում 50 միլիոն դոլարից ավելի ներդրում են ներգրավել Հայաստան, ինչը լուրջ ցուցանիշ է: «ՏՏ ոլորտում նույնպես կայուն աճ է եղել. Ստեղծվել են 3400-ից ավելի աշխատատեղեր, 22 տոկոսով աճել է աշխատատեղերի թիվը, ինչը նշանակում է, որ աշխատավարձերի կտրուկ տատանումներ չեն եղել: Կարծում եմ՝ նաև կորոնավիրուսով է սա պայմանավորված: Այս պահին 18400 աշխատակիցներ կան ոլորտում, և 192 նոր ընկերություններ պետության կողմից հարկային արտոնագիր են ստացել»,- ասել է Հակոբ Արշակյանը:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ 2021 թվականը, նաև այս ծրագրի շնորհիվ, ՏՏ ոլորտի համար ավելի նպաստավոր կլինի, որովհետև այն մեր երկրի տնտեսության ամենահեռանկարային ճյուղերից մեկն է:
Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ողջ ոլորտի հասույթը 2020թ. արդյունքներով հասել է 318.1 մլրդ դրամի (մոտ 650.6 մլն դոլար)՝ տարեկան վաղեմության ցուցանիշը գերազանցելով 2,8% - ով: Սա աճի դինամիկայի ընդհանուր նվազումն է, որը հիմնականում պայմանավորված է երկրի կապի օպերատորների եկամուտների անկմամբ ։