Երկուշաբթի, 15 Փետրվարի 2021 18:49
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի ադամանդագործական ընկերությունները դեմ են արտահայտվել ԵԱՏՄ-ում մանր ադամանդի մաքսատուրքերի զրոյացմանը, ոսկեգործները՝ կողմ

Հայաստանի ադամանդագործական ընկերությունները դեմ են արտահայտվել ԵԱՏՄ-ում մանր ադամանդի մաքսատուրքերի զրոյացմանը, ոսկեգործները՝ կողմ

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է քննարկում Հայաստանի ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի  ներկայացուցիչների հետ։

 

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշման նախագիծը, համաձայն որի նախատեսվում է մի շարք գունավոր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի (հումքի և պատրաստի քարերի մասով) մաքսատուրքի դրույքաչափի զրոյականացում՝  2 տարի ժամկետով, ինչպես նաև մինչև 0,3 կարատ  և 0,3 կարատից բարձր զանգվածով ադամանդե քարերի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի տարանջատում։

 

Հանդիպման ժամանակ քննարկվել է  նաև մինչև 0,3 կարատ  զանգվածով ադամանդե քարերի մասով մեկ տարի ժամկետով 0% մաքսատուրքի դրույքաչափի կիրառման նպատակահարմարության հարցը, որը հավանության է արժանացել ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների կողմից, սակայն մի շարք ադամանդագործական ընկերություններ նշյալ առաջարկին դեմ են արտահայտվել։

 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ անհրաժեշտ է գտնել այն լուծումը, որն առավելագույնս երկու ոլորտների համար էլ ձեռնտու կլինի։

 

Վահան Քերոբյանը հավաստիացրել է, որ հանդիպման ընթացքում ներկայացված բոլոր առաջարկները և տեսակետները հաշվի կառնվեն և ուսումնասիրությունների արդյունքում կվերլուծվի առկա իրավիճակը՝ վերջնական դիրքորոշում ձևավորելու նպատակով։

 

Ամփոփելով քննարկումը՝ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է երկար արժեքային շղթաներ ստեղծել՝ հանքավայրից հանքանյութը հանելուց, մշակելուց մինչև պատրաստի ոսկերչական արտադրանքը, և ներկայանալ աշխարհին հայկական բրենդով, նաև հավելել, որ միայն միավորելով պետության և ոլորտի ընկերությունների ջանքերը հնարավոր կլինի գտնել ոլորտը զարգացնելու համար անհրաժեշտ որոշումներ։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ֆինանսների նախարարությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առաջարկել էր 2 տարով զրոյացնել Եվրասիական տնտեսական միության երկրներում գունավոր թանկարժեք քարերի եւ մանր ադամանդների ներմուծման մաքսատուրքերը: Հարցը քննարկվել է ԵՏՀ-ում փետրվարի 9-ին, և հավանության է արժանացել ։ ՌԴ ֆիննախը նշել է, որ նախարարությունը վաղուց է աշխատանքներ տանում տոկոսադրույքների զրոյացման ուղղությամբ, իսկ նախաձեռնության իրականացումը կկրճատի ԵԱՏՄ երկրներում ոսկերչական իրերի արտադրության ծախսերը, կբարձրացնի վաճառքի ծավալները ինչպես եվրասիական, այնպես էլ գլոբալ շուկաներում, ինչպես նաև կստեղծի անհրաժեշտ պայմաններ ոլորտի  մրցունակության բարձրացման համար: Ֆինանսների նախարարության տվյալներով ՝ համավարակը մեծապես ազդել է ոսկերչական իրերի շուկայի վրա ՝ նվազեցնելով արտադրության ծավալները, իսկ նախարարության մշակած մաքսային կարգավորման միջոցը կօգնի հաղթահարել համաճարակի հետեւանքները եւ լուրջ աջակցություն կդառնա եվրասիական ոսկերչական արդյունաբերության համար: