Արմինֆո.Հայաստանում կստեղծվեն պետական գնումների գործընթացի վերահսկողության նոր մեխանիզմներ։ Ազգային ժողովը մարտի 3-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ եւ լրացումներ է կատարել "Պետական գնումների մասին" օրենքում:
Ներկայացված փաստաթղթի համահեղինակ, ԱԺ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի խոսքով, փոփոխություններով նախատեսված են մեխանիզմներ, որոնք զրոյացնում են կոռուպցիոն ռիսկերը, բարձրացնում են պետական գնումների գործընթացի թափանցիկության մակարդակը, ինչը, որպես հետեւանք, կհանգեցնի այդ գործընթացների նկատմամբ հասարակության վստահության մակարդակի բարձրացմանը: Օրինագծի հեղինակներն առաջարկում են ապահովել մրցույթում պարտություն կրած ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությունը պետական գնումների ընդունման ընթացակարգին: Դրա հետ մեկտեղ ընթացակարգին կմասնակցեն նաեւ շահագրգիռ հասարակական կազմակերպություններն ու ԶԼՄ-ները: Դրանք բոլորը հնարավորություն կունենան ստուգելու պետական գնումների շրջանակներում մատակարարվող ապրանքի համապատասխանությունը հայտում նկարագրված պարամետրերին։ Նման մեխանիզմները գործելու են ավելի քան 1 մլն դրամի պայմանագրերի դեպքում ։ "Այլ կերպ ասած, ստեղծվում են պետական գնումների գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության նոր մեխանիզմներ", - եզրափակել է պատգամավորը:
Նշենք, սակայն, որ վերջին շրջանում Հայաստանում պետական գնումներն ավելի ու ավելի հաճախ են իրականացվում մեկ անձից, ինչն արդար դատողություններ է առաջացնում փորձագիտական հանրության կողմից ։ Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բազմիցս բարձրացրել էր մեկ անձից պետգնումների համակարգի կիրառման արատավոր պրակտիկան փոխելու անհրաժեշտության հարցը: Նրա խոսքով ՝ ներկայում տենդերներին, որպես կանոն, մասնակցում են փոխկապակցված անձինք ։ Պետության ներկայացուցիչը նախապես պայմանավորվում է տնտեսվարող սուբյեկտի հետ ապրանքների և ծառայությունների առարկայի վերաբերյալ, որից հետո հարցը մրցույթի է դնում արդեն "համաձայնեցված" անվանացանկով ։ Այս արատավոր պրակտիկայի կիրառման արդյունքում ավելի ու ավելի հաճախ են հայտնվում շուկայում գերիշխող սուբյեկտներ:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հաղորդել էր նորամուծությունների մասին, որոնցից մեկը կդառնա պետության ներկայացուցչից գնումների հարցի տեղափոխումը երկրի բանկային համակարգ: