Երեքշաբթի, 16 Մարտի 2021 14:28
Ալինա Հովհաննիսյան

Տնտեսագետ. Եթե իշխանությունները չկարողանան ռուսական կողմի հետ պայմանավորվել գազի սակագների իջեցման շուրջ, տնտեսական ճգնաժամն էլ ավելի կխորանա

Տնտեսագետ. Եթե իշխանությունները չկարողանան ռուսական կողմի հետ պայմանավորվել գազի սակագների իջեցման շուրջ, տնտեսական ճգնաժամն էլ ավելի կխորանա

Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան՝ գազի սակագների շուրջ բանակցություններ վարելու համար: Այդ մասին հաղորդել է տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու Սուրեն Պարսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

 

«2021 թվականի մարտի 15-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ռուսաստանի Դաշնություն պատվիրակություն գործուղելու մասին որոշումը: Չնայած որոշման մեջ նշված չէ պատվիրակության գործուղման նպատակը, սակայն պատվիրակության կազմից և ընտրված ժամանակահատվածից (2021 թվականի մարտի 16-18-ը) պարզ է դառնում, որը գործող իշխանությունները ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցություններ են տանում: Պատվիրակության մեջ ընդգրկված են վերջին տարիներին ձախողած գազային բանակցությունների ղեկավար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ում օրոք սահմանի վրա գազի գինը բարձրացավ 10%-ով, էներգետիկ ոլորտը համակարգող փոխնախարար Հակոբ Վարդանյանը և ՀՀ հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Հիշեցնեմ, որ մարտի 31-ին ավարտվում է գազի մատակարարման համաձայնագիրը, և նոր պայմանավորվածության բացակայության դեպքում ռուսական կողմը կարող է գազը մատակարարել նույնիսկ ավելի բարձր գնով, քան ներկայիս 165 ԱՄՆ դոլար 1000 խմ-ի հաշվով: Այս ժամանակաշրջանում Մոլդովան և Բելառուսը գազը ստանում են 120-127 ԱՄՆ դոլար կամ մոտ 30% ավելի էժան Հայաստանից:

Մի կողմ թողնելով գործող իշխանությունների նախընտրական խոստումները բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման վերաբերյալ` պետք է արձանագրել, որ հիմնականում բիզնեսի համար 2020 թվականի հուլիս 19-ից բնական գազ սակագինը ավելացավ 6 տոկոսով, իսկ 2021 թվականի փետրվարի 1-ից 8 տոկոսով աճեց էլեկտրաէներգիայի սակագինը, ինչի հետևանքով նաև ունենք աննախադեպ բարձր գնաճ: Գաղտնիք չէ, որ գազային բանակցությունների վրա ազդում են տնտեսական և քաղաքական բազմաթիվ գործոններ։ Այնուամենայնիվ, պետք է հուսալ, որ այս անգամ մեր իշխանություններն ավելի լավ են նախապատրաստվել այս բանակցություններին, ինչը թույլ կտա նվազեցնել գազի գինը սահմանի վրա։ Հակառակ դեպքում թանկացող էներգակիրների պայմաններում մեր տնտեսությունը և տնտեսվարողները շարունակելու են կորցնել մրցունակությունը, և էլ ավելի կխորանա ճգնաժամը», - գրել է տնտեսագետը։