Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է հանրային ներդրումային ծրագրերի գնահատման հայեցակարգի նախագիծը: Այն մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում և արդեն շրջանառվել է շահագրգիռ գերատեսչություններում:
ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հայեցակարգով առաջարկվում է ներդնել հանրային ներդրումների կառավարման արդյունավետությունը գնահատող համակարգ՝ հաշվի առնելով ոլորտային պլանավորման, ծրագրերի գնահատման և ընտրության, ներդրումների բյուջետավորման չափանիշները:
Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել հանրային ներդրումային ծրագրի սահմանման և գնահատման գործընթացի վերաբերյալ՝ անդրադառնալով հիմնական սկզբունքներին, ծրագրերի տեսակներին, մշակման փուլերին, պատասխանատու մարմիններին, գնահատման որակական ու քանակական ցուցիչներին, ծրագրերի բանկի, ինչպես նաև գնահատում իրականացնող ներդրումային կոմիտեի ձևավորման մեխանիզմներին:
Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են գնահատման համակարգի ձևավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև դրա ներդրման ուղղությամբ անելիքները: Անդրադարձ է եղել հանրային ներդրումային ծրագրերի վերլուծության ու գնահատման առանցքային չափորոշիչների որոշման հարցին, ներդրումային կոմիտեի գործունեությանը, ռազմավարական փաստաթղթերի հետ փոխգործելիությանը և այլ հարցերի:
Վարչապետն ընդգծել է, որ հանրային ներդրումային ծրագրերը պետք է օրգանական կապ ունենան կառավարության գործունեության ծրագրի, նաև ոլորտային ռազմավարությունների հետ՝ գնահատման համակարգի ինստիտուցիոնալ ամբողջականությունն ապահովելու համար: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել հայեցակարգի նախագիծը և ներկայացնել հաստատման:
Նշենք, որ Հայաստանում պետական ներդրումային ծրագրերի իրականացումը տնտեսական քաղաքականության թույլ օղակներից մեկն է։ 2019 թվականի արդյունքներով պետական կապիտալ ծախսերի իրացման մակարդակը կազմել է շուրջ 40 տոկոս ։ Անցյալ տարի այդ թիվը հաջողվել է փոքր-ինչ ավելացնել։ Պետական կապիտալ ներդրումների թերի իրականացումը անհանգստացնում է երկրի ֆինանսական դոնորներին, որոնք հանդես են գալիս երկրի տնտեսության համար դրանց արդյունավետության բարձրացման օգտին:
Նշենք, որ 2020 թվականին կառավարությունը, ըստ բյուջեի, պետք է իրականացներ 357 մլրդ դրամ ծավալի պետական կապիտալ ներդրումներ, ինչը 137 մլրդ դրամով ավելի է, քան 2019 թվականին: Սակայն այդ ծախսերի մակարդակը, ըստ տարբեր գնահատականների, չի հասել նախատեսված ծավալի անգամ 60% - ին: -0-