Արմինֆո. Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի քաղաքներում կայացել է հանրային իրազեկման հանդիպումների առաջին փուլը՝ նվիրված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման ծրագրին։
Ծրագրի պատվիրատուի՝ ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի, նախագծող կազմակերպության՝ «Այ Ար Դի Ինջեներինգ» և «Ջի Փի Ինջեներիա» (Իտալիա) համատեղ ձեռնարկության ներկայացուցիչները Քաջարան և Մեղրի համայնքների բնակիչների հետ հանդիպումներում մանրամասն ներկայացրել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախնական նախագիծը և նախագծի շրջակա միջավայրի, ինչպես նաև սոցիալական ազդեցության վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը: Հանրային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նախագծային, տեխնիկական պարամետրերին, շինարարության հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություններին, ինչպես նաև՝ հողերի օտարման և տարաբնակեցման խնդիրներին։
Մասնավորապես, նշվել է, որ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով։ Ճանապարհահատվածն ունենալու է մոտ 45 կմ ընդհանուր երկարություն, որի առաջին հատվածի շինարարությունը (շուրջ 32 կմ) նախատեսվում է սկսել 2022 թվականին։ Նախատեսվող ճանապարհը որոշ հատվածներում անցնելու է գոյություն ունեցող ճանապարհով, որոշ հատվածներում կառուցվելու է նոր ծրագծով։ Վերակառուցվելիք ճանապարհի շնորհիվ կրճատվելու է Քաջարան և Մեղրի համայնքներով տրանսպորտային երթևեկությունը (նախատեսվում են համապատասխան շրջանցումներ), զուգահեռ շահագործվելու է նաև Մ-2 միջպետական ճանապարհի՝ ներկայում գոյություն ունեցող հատվածը, և ցանկության դեպքում վարորդները կկարողանան երթևեկել նաև հին ճանապարհով։ Ըստ նախագծի՝ կկառուցվեն կամուրջներ, տրանսպորտային հանգույցներ‚ թունելներ։ Բոլոր թունելները նախագծված են միջազգային չափանիշներին համապատասխան, կիրառվելու են անվտանգության մի շարք միջոցառումներ՝ հակահրդեհային պաշտպանություն, օդափոխման համակարգ, սեյսմակայունություն և այլն։
Նախագիծն իրականացնելիս իտալական կազմակերպությունը մի քանի փուլով կատարել է գեոտեխնիկական ուսումնասիրություն՝ համագործակցելով տեղացի մասնագետների հետ։
Նոր ճանապարհը կկրճատի ինչպես տարածությունը (մոտ 14 կմ-ով), այնպես էլ երթևեկության ժամանակահատվածը. 80 կմ/ժ հաշվարկային արագության դեպքում կխնայվի մոտ 38 րոպե ժամանակ։
Հանրային քննարկման կազմակերպիչները պատասխանել են նաև համայնքների բնակիչներին հետաքրքրող հարցերին։ Դրանք հիմնականում վերաբերում էին հողերի օտարման, փոխհատուցման խնդիրներին. բնակիչները ցանկանում էին տեղեկանալ, թե ինչ ազդեցություն են կրելու իրենց հողատարածքները։
Ազդակիր համայնքների բնակիչներին հետաքրքրում էր նաև իրենց ներգրավվածությունը ճանապարհի շինաշխատանքներում։ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները տեղեկացրել են, որ տեղի աշխատուժի ներգրավումը շինաշխատանքներում կապալառու կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրի պարտադիր պայմաններից է լինելու։
Ընդգծվել է նաև, որ քննարկվող նախագիծը նախնական է, այն լրամշակվելու է՝ հաշվի առնելով համայնքների կողմից ստացված առաջարկները։
Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 14-ին Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) և Հայաստանի կառավարությունը ստորագրել են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներդրումային վարկի մասին 150 մլն դոլարի համաձայնագիր ' "Հյուսիս-Հարավ" ճանապարհային միջանցքի հարավային հատվածի (Տրանշ-4) կառուցման նախագծի ֆինանսավորման համար: Նախագծի իրականացման սկզբնական ժամկետները ուշացել են, և համաձայնագրում փոփոխություններ են կատարվել ինչպես նախագծի իրականացման ժամկետների, այնպես էլ վարկի մարման պայմանների վերաբերյալ:
Նշենք, որ "Հյուսիս-Հարավ" նախագիծը թույլ կտա իրանական սահմանից մինչեւ վրացական սահման հեռավորությունը 556 կմ-ից կրճատել մինչեւ 490 կմ: Ճանապարհը էապես կթեթեւացնի դեպի Սեւ ծով ելքը ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի համար ։ Նախագիծն ի սկզբանե ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրվող վարկային միջոցներով։ ԱԶԲ-ի հետ կես միլիարդ դոլար տրամադրելու մասին համապատասխան համաձայնագիրը Հայաստանի կառավարության կողմից ստորագրվել է 2009թ.սեպտեմբերին: Հետագայում նախագծին միացել է նաև ԿԶԵՀ-ն, որը համաձայնել է տրամադրել 150 մլն դոլար։
Նախատեսվում էր, որ մայրուղու շինարարությունը կավարտվի, նախ, 2016 թվականին, այնուհետև՝ 2019 թվականին, սակայն այսօրվա դրությամբ կատարվել է աշխատանքների միայն մի մասը, և նախագծի իրականացման ժամկետները կրկին հետաձգվել են 5-10 տարով ։ Ընդհանուր առմամբ, նախագիծը, տարբեր գնահատականներով, գնահատվում է 2 մլրդ դոլար, թեեւ ի սկզբանե նախատեսվում էր դրա իրագործմանն ուղղել ընդամենը 980 մլն դոլար:
Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, ծրագիրը թույլ կտա երկրին ապագայում մեղմել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման հետեւանքները, տարանցիկ պետության դեր ստանձնել տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումների գործում, ինչպես նաեւ միանալ Սեւծովյան օղակաձեւ ավտոմայրուղուն:
Անցյալ տարի նախագծի իրականացումը ժամանակավորապես դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: