Արմինֆո.Արդշինբանկն իր միջազգային գործընկերների՝ Visa միջազգային վճարային համակարգի և լատվիացի գործընկեր D8 կորպորացիայի հետ համատեղ գործարկել է VTS ծառայությունը (Visa Token Service)՝ VISA քարտերով անվտանգ անհպում վճարումներ կատարելու համար:
Ծառայությունը ներդրված է բանկի Մոբայլ բանկինգ հավելվածում՝ էլեկտրոնային դրամապանակ տողով, որն ակտիվացնելու շնորհիվ հնարավոր է վճարել ապրանքների և ծառայությունների համար անմիջապես սմարթֆոնով բանկային քարտի փոխարեն՝ անհպում վճարումներ ընդունող բոլոր վճարային տերմինալներում:
Այժմ սմարթֆոնը դառնում է նաև հարմար վճարման միջոց։ Այլևս կարիք չկա բանկային քարտ կամ դրամապանակ կրել, բավարար է ունենալ Android համակարգով աշխատող հեռախոս և կարելի է վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց՝ շարունակելով օգտվել Visa քարտերի բոլոր առավելություններից և անվտանգությունից:, - նշում է Արդշինբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը:
Էլեկտրոնային դրամապանակով վճարում կատարելու համար անհրաժեշտ է Արդշինբանկի ցանկացած տեսակի Visa քարտ, Արդշինբանկ մոբայլ բանկինգ հավելվածը՝ http://onelink.to/a9jw5f և NFC տեխնոլոգիայով (Near Field Communication) աշխատող Android օպերացիոն համակարգով հեռախոս:
Հիշեցնենք, որ Արդշինբանկը 2020թ.–ին Visa միջազգային վճարային համակարգի կողմից ճանաչվել է Հայաստանում Visa քարտերի խոշորագույն թողարկողը։
Արդշինբանկի վճարային քարտերի սպասարկման ենթակառուցվածքը ներառում է Հայաստանի ամբողջ տարածքում գործող 60 մասնաճյուղ, 138 բանկոմատ, 670 առևտրային տերմինալ, ինքնասպասարկման ավելի քան 2000 տերմինալ։