Արմինֆո.: 5 տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) աշխատանքներ կտարվեն համատեղ տիեզերական համակարգի ստեղծման ուղղությամբ: Այդ մասին ապրիլի 30-ին Կազանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել Է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Այդ կապակցությամբ ՌԴ վարչապետը նշել է ոլորտի լուրջ հեռանկարները։ Մասնավորապես, նա պարզաբանել է, որ համատեղ տիեզերական համակարգի ստեղծումը ենթադրում է միութենական պետությունների արբանյակների խմբավորման միավորում, միացյալ տիեզերական նկարահանման նյութերով տվյալների միասնական բանկի ձեւավորում, ինչպես նաեւ տեղեկատվության ընդունման եւ մշակման ցամաքային համալիրների արդիականացում:
Միշուստինն ընդգծել է, որ խմբավորումը կառավարվելու է որպես միասնական տիեզերական համակարգ: "Դա թույլ կտա մեծացնել դիտարկվող տարածքների ծածկույթի տարածքը եւ օպերատիվ կերպով ստանալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները", - հավելել է նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ "Ռոսկոսմոս" պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր ընդլայնել Հայաստանի հետ փոխգործակցությունը տիեզերական տեխնոլոգիաների նախագծման եւ մշակման շրջանակներում: Այդ համատեքստում Ռոգոզինը բարձր է գնահատել հայ-ռուսական համագործակցությունը տիեզերական մոնիթորինգի աշխատանքների մասով։ ՀՀ անվտանգության խորհրդի տեղեկատվության համաձայն, հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել հայ-ռուսական աշխատանքային խումբ ' տիեզերքի ոլորտում փոխգործակցության ուղղությունները հստակեցնելու և որոշելու համար:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |