Արմինֆո. Մայիսյան տոներին Հայաստանում որոշակի զբոսաշրջային աշխուժություն էր նկատվում, հատկապես՝ ՌԴ քաղաքացիների կողմից, սակայն ոլորտի լիարժեք առողջացման մասին խոսելը դեռ վաղ է։ Մայիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի եւ թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանը։
Զբոսաշրջային հոսքերի տեսանկյունից նման ակտիվությունը Այվազյանը կապել է նաև քաղաքացիների պատվաստման գործընթացի հետ, որը թույլ կտա ապագայում խոսել սահմանների ամբողջական բացման մասին։ "Այս ամենը, անշուշտ, ոգեշնչում է, սակայն ոլորտի ամբողջական վերականգնում, միջազգային կանխատեսումների համաձայն, պետք է ակնկալել 2023 թվականից հետո", - ընդգծել է նա:
Կորոնավիուրսի պայմաններում, ըստ Գայանե Այվազյանի, պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ մի փոքր փոխվել են նաև զբոսաշրջիկների սովորությունները։ Եթե նախկինում զբոսաշրջիկները նախապես պլանավորում էին իրենց արձակուրդը, այժմ դա ավելի բարդ է դարձել, եւ որոշումները կայացվում են կարճ ժամկետներում: Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ մեր երկրի տուրօպերատորը պետք է պատրաստ լինի նման մարտահրավերների, հատկապես, հաշվի առնելով այն փաստը, որ այսօր Հայաստանը այն եզակի երկրներից է, որի սահմանները բաց են զբոսաշրջային այցելությունների համար կորոնավիրուսի համավարակի պայմաններում:
Կոմիտեի ներկայացուցիչը տեղեկացրել է նաեւ մայիսի 27-ին Երեւանի "Խաչքարերի պուրակում" կայանալիք զբոսաշրջային միջոցառման մասին: Նա պատմել է, որ միջոցառման շրջանակներում տեղի կունենա Հայաստանի բոլոր 10 մարզերի զբոսաշրջային ներուժի ցուցադրում, որը, հիմնականում, ուղղված է ՀՀ քաղաքացիներին: Ընդ որում, նա հաղորդել է, որ առանձին տաղավարով կներկայացվի էքստրեմալ զբոսաշրջությունը։ Այդ կապակցությամբ Այվազյանը հաղորդել է, որ այսօր Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն խնդիր է դնում երիտասարդացնել զբոսաշրջությունը, քանի որ Հայաստան ժամանող արտասահմանցի հյուրերի միջին տարիքը 40-ից ցածր չէ: Այսպիսով, որպես զբոսաշրջության երիտասարդացման գործիքներից մեկը Հայաստանում ընտրվել է էքստրեմալ տուրիզմի ուղղությունը ։
"Միջոցառումն անցկացվում է մեր երկրի զբոսաշրջային ներուժի գրավչությունը բարձրացնելու նպատակով, առաջին հերթին, մեր այն քաղաքացիների համար, ովքեր այժմ մտածում են ամառային հանգստի մասին: Սակայն մենք չենք բացառում, որ միջոցառմանը մասնակցեն նաև միջազգային զբոսաշրջիկներ, որոնց հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ առկա է", - ասել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Անուշ Բաբայանը հաղորդել էր, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 86 524 զբոսաշրջիկ, ինչը 72 տոկոսով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին: Նրա խոսքով՝ երկրում զբոսաշրջիկներ են եղել, հիմնականում, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից եւ ԱՄՆ-ից:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, զբոսաշրջային նպատակներով 2020 թվականին Հայաստան է այցելել 375 216 մարդ, ինչը 80,2 տոկոսով ցածր է տարեկան վաղեմության ցուցանիշից: 2019 թվականին Հայաստանում զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 1.8 միլիոնը, ինչը 14 տոկոսով ավելի է, քան գրանցվել է 2018 թվականին:
Էկոնոմիկայի նախարարության կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարում Հայաստան կայցելի 1.2 մլն զբոսաշրջիկ։