
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, սահմանելով, որ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը վերադարձվում է հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի դիմումի ներկայացման: Հնարավորություն կընձեռնվի նաև այդ գումարի հաշվին մարել հարկ վճարողի սոցիալական վճարի գծով պարտավորությունները:
Ըստ հիմնավորման՝ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդը հարկ վճարողին վերադարձնելու համար, նախ, այդ գումարը հարկ վճարողի դիմումի հիման վրա փոխանցվում է վերջինիս միասնական հաշվին, որից հետո՝ միասնական հաշվում առկա գումարը հարկ վճարողին վերադարձվում է նրա կողմից հարկային մարմին ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում: Ստացվում է, որ հարկ վճարողի՝ մինչև 2018 թ. հունվարի 1-ը գործող օրենսդրության շրջանակներում առաջացած գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի վերադարձման գործընթացի համար հարկ վճարողից պահանջվում է երկու անգամ հարկային մարմին ներկայացնել դիմում, որի արդյունքում անհարկի ձգձգվում է նշված գումարի վերադարձման ընթացակարգը, միաժամանակ, ավելանում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի քանակը: Բացի այդ, խնդիր է նաև այն, որ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա՝ հարկ վճարողի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին չի մարվում վերջինիս սոցիալական վճարի գծով պարտավորությունները: Այդ պարտավորությունները 2018 թ. հունվարի 1-ից հետո մարվում են միայն միասնական հաշվում առկա գումարների հաշվին:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ մայիսի 1-ի դրությամբ գերավճար ունեցող հարկ վճարողների քանակը 35935 է, իսկ գերավճարի գումարը՝ 4549.3 հազար դրամ։ Ընդ որում, գերավճար ունեցող հարկ վճարողների շուրջ 89 տոկոսը (մոտ 32000 հարկ վճարողներ) ունեն 1 դրամից մինչև 100 հազար դրամ գերավճարներ, իսկ 35 հարկ վճարողներ ունեն 10 մլն դրամից ավելի գերավճարներ, որի ընդհանուր հանրագումարը կազմում է մոտ 1.800 հազար դրամ։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել. «Վերջին տարիներին մեր ամենակարևոր հաջողություններից մեկը համարում ենք այն, որ պետությունը, կառավարությունը հարկ վճարողների պարտքերը շատ մեծ, հսկայական քայլերով մարել է։ Քանի որ այդպիսի նշաձող ենք դրել մեզ համար, որ պետք է պետության, կառավարության ունեցած պարտքերը զրոյացնել, մենք ամեն փուլում գույքագրում ենք, թե ինչ կա և ինչ խնդիր ունենք լուծելու։ Նախկինում արդեն ասել եմ՝ նախ մենք 2018թ-ից սկսած մարել ենք այդ պարտքերը, հետո նաև օրենսդրական փոփոխությունների միջոցով այդ պարտքերի գոյացման մեխանիզմներն ենք վերացրել։ Հիմա, ըստ էության, եկել ենք մի փուլի, երբ փորձեցինք գույքագրել, թե ի վերջո ինչ հաշվեկշիռ ունենք, և արձանագրեցինք, որ նախկինից մնացած 4 մլրդ 549 մլն դրամ գումար կա, որը, այսպես ասած, մնացել է ինչ-որ տեղ պարտք։ Եվ հիմա այսօրվա որոշման արդյունքում շուրջ 35,000 տնտեսվարողներ, որոնք նախկինում ամենատարբեր պատճառներով վճարել են ավելի գումար, քան գոյացել էր իրենց հաշվետվություններով, որպես հարկային պարտավորություն՝ այդ գումարները հետ կստանան: Այսինքն, իրենց հաշիվներին կլինեն այդ գումարները: Եթե իրենք հաշվետվություններով կներկայացնեն այնպիսի իրավիճակ, որ այս գումարների հաշվին հիմա գոյացած իրենց հարկային պարտավորությունները ուզում են մարել՝ այդ գումարով կմարեն, իսկ եթե ոչ, իրենք այդ գումարը նաև կարող են ֆիզիկապես հետ ստանալ։ Շատ կարևոր որոշում է և կրկին անգամ ուզում եմ ասել, որ սա ըստ էության կառավարության պարտքերի մարման ուղությամբ վերջին քայլն է, որը մենք պետք է անենք։ Ըստ էության, սրանով կառավարության պարտքերը բիզնեսի նկատմամբ, ուշադրություն դարձրեք, զրոյացնում ենք։ Իհարկե, չհաշված այն մեկ ամսվա ցիկլը, որն արդեն օրենսդրությամբ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով մեկ ամսվա ընթացքում պետք է վերադարձվի: Այսինքն՝ գումարը մեկ ամսից ավելի չի կարող օտարված լինել տնտեսվարողից։ Շատ կարևոր որոշում է»։