Հինգշաբթի, 27 Մայիսի 2021 15:01
Նաիրա Բադալյան

Հայաստանը հերթական անգամ երկարաձգում է Վեդիի ջրամբարի շինարարության ավարտի ժամկետները

Հայաստանը հերթական անգամ երկարաձգում է Վեդիի ջրամբարի շինարարության ավարտի ժամկետները

Արմինֆո.  Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1002 01 Y վարկային համաձայնագրի փոփոխություն №1»-ի ստորագրման առաջարկությանը, որով նախատեսվում է երկարաձգել «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների իրականացման և վարկային միջոցների մասհանման ժամկետները: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:

 

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել Վեդու ջրամբարը 29,4 մլն մ3 ընդհանուր ծավալով, որի հետևանքով կկրճատվի ջրառը Սևանա լճից և մեխանիկական ոռոգման եղանակից ինքնահոսի անցնելով տարեկան կտնտեսվի շուրջ 19 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ ապահովելով շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը: Ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 300 հա-ով, ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն 20-25 տոկոսով և փորձնական տարածքներում ներտնտեսային ոռոգման ցանցի կառուցման շնորհիվ հնարավոր կլինի նոր տեխնոլոգիաների՝ կաթիլային ոռոգման, կիրառումը։ Այս պահին ընդհանուր առմամբ՝ իրականացվել են ծրագրով նախատեսված աշխատանքների շուրջ 71 տոկոսը։