Արմինֆո. Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկը (BSTDB) Ամերիաբանկին տրամադրել է 23 մլն եվրոյի հնգամյա վարկ' Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու համար:
Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, որտեղ նշվում է, որ նոր վարկն Ամերիաբանկին թույլ կտա տեղական ֆինանսական հաստատությունների միջոցով Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացմանն աջակցության ընդհանուր գումարը հասցնել ավելի քան $100 մլն-ի: Հաղորդագրության մեջ նշված է, որ BSTDB-ի ֆինանսավորումը կաջակցի արդյունաբերական եւ գյուղատնտեսական ՓՄՁ-ների իրացվելիության եւ շրջանառու կապիտալի կարիքներին, կխթանի արտահանումը եւ կնպաստի Հայաստանում մասնավոր հատվածի եւ զբաղվածության աճին:
BSTDB-ի նախագահ Դմիտրի Պանկինը հայտարարել է. "Մենք ուրախ ենք ամրապնդել մեր համագործակցությունը Ամերիաբանկի հետ, որը Հայաստանի շուկայի առաջատարն է եւ BSTDB-ի հուսալի գործընկերը 2014 թվականից ի վեր: Մեր հաջող գործընկերության շնորհիվ մենք կարողացանք կապ հաստատել երկրում գործող բազմաթիվ ՓՄՁ-ների հետ և, ընդհանուր առմամբ, ներդնել 25 մլն դոլար: Մեր նոր ֆինանսավորումը կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարի և Հայաստանի տնտեսության հետպանդեմիկ վերականգնման աջակցության BSTDB-ի մշտական ջանքերի մի մասն է: Եվ մենք հպարտ ենք, որ այս ֆինանսական ներարկումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ զարգացմանն աջակցությունը առավել անհրաժեշտ է":
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն, իր հերթին, նշել է. "BSTDB-ի հետ երկարաժամկետ արդյունավետ համագործակցությունը մեզ թույլ է տվել իրականացնել մի շարք հաջողված նախագծեր: Ներգրավված միջոցները մեզ հնարավորություն են տալիս երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրել Հայաստանում գործող փոքր եւ միջին ձեռնարկություններին' դրանով իսկ նպաստելով ոլորտի զարգացմանը, մրցունակության բարձրացմանը եւ թիրախային շուկաներում ՓՄՁ-ների դիրքերի ամրապնդմանը: Սա Առևտրի և զարգացման սևծովյան բանկի կողմից Ամերիաբանկին տրված երրորդ վարկն է փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ֆինանսավորման նպատակով: Մենք հուսով ենք, որ BSTDB-ի եւ Ամերիաբանկի միջեւ համագործակցությունը շարունակական կլինի, քանի որ ՓՄՁ ոլորտի համար մշակված նպատակային աջակցության նախագծերի իրականացումը կարեւորագույն ուղղություններից մեկն է ինչպես մեր գործընկերների, այնպես էլ մեզ համար":
ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 31.12.2010 թ. տվյալներով, Ամերիաբանկն առաջատարն է ակտիվների ծավալով' 1.1 տրլն դրամ կամ 2.1 մլրդ դոլար (13% տարեկան աճով), վարկային ներդրումների ծավալով' 702.5 մլրդ դրամ կամ 1.3 մլրդ դոլար (21.2% տարեկան աճով), ընդհանուր պարտավորությունների գծով' 980.9 մլրդ դրամ կամ 1.9 մլրդ դոլար (13.2% տարեկան աճով), ընդհանուր կապիտալով' 109.7 մլրդ դրամ կամ 209.9 մլն դոլար (8,4% տարեկան աճ): ՓՄՁ ոլորտի վարկերի պորտֆելում Ամերիաբանկը զբաղեցնում է 2 - րդ տեղը' 253.4 մլն դոլար (27% տարեկան աճով), եւ բանկի ընդհանուր պորտֆելում այդ վարկերի մասնաբաժինը գերազանցում է 19% - ը, իսկ շուկայի ընդհանուր ծավալում Ամերիաբանկի մասնաբաժինը հասնում է 15% - ի: Ամերիաբանկը 2020 թվականն ավարտել է 9 մլրդ դրամ կամ 17.2 մլն դոլար զուտ շահույթով' այդ ցուցանիշով զբաղեցնելով 2-րդ տեղը: Ամերիաբանկը Հայաստանում միակ ֆինանսական կազմակերպությունն է, որն ունի S&P-ի թողարկողի երկարաժամկետ և կարճաժամկետ վարկային վարկանիշ (2020թ.հունիսին պահպանվել է B+/B մակարդակում, կանխատեսումը "կայուն"): Moody's-ը 2020թ. մայիսին պահպանել է Ամերիաբանկի վարկային վարկանիշը "Ba3" մակարդակում' "Կայուն" կանխատեսմամբ:
Նշենք, որ Ամերիաբանկը դինամիկ զարգացող բանկ է՝ Հայաստանի ամենակայուն եւ խոշոր ֆինանսական ինստիտուտներից մեկը: Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ ծառայություններ բանկային լուծումների համալիր փաթեթի շրջանակներում: 2020 թվականի արդյունքներով Ամերիաբանկն առաջատար է Հայաստանի բանկային հատվածում ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ):
Հիշեցնենք, որ Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկը (BSTDB) Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի կողմից ստեղծված միջազգային ֆինանսական հաստատություն է: Բանկի կենտրոնակայանը գտնվում է Սալոնիկում (Հունաստան)։ BSTDB-ն աջակցում է տնտեսական զարգացմանը եւ տարածաշրջանային համագործակցությանը' տրամադրելով վարկեր, վարկային գծեր, բաժնետիրական կապիտալ եւ երաշխիքներ՝ իր անդամ երկրներում պետական եւ մասնավոր ոլորտներում առեւտրի նախագծերի եւ ֆինանսավորման համար: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 3.45 մլրդ եվրո: BSTDB-ն ունի Standard and Poor 's-ի "А-", Moody' s-ի "A2" և ռուսական AKPA վարկանշային գործակալության "A+" երկարաժամկետ վարկանիշ: