Երկուշաբթի, 14 Հունիսի 2021 15:53
Նաիրա Բադալյան

ՊԵԿ. 2021 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում սկսվել է DataMatrix կոդերով պաղպաղակի եւ պանրի պարտադիր մակնշումը

ՊԵԿ. 2021 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում սկսվել է DataMatrix կոդերով պաղպաղակի եւ պանրի պարտադիր մակնշումը

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է` 2021թ. հունիսի 1-ից ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության տարածքում պանրի և պաղպաղակի նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Օրենսդրական կարգավորումները նախատեսված են ՌԴ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 15-ի № 2099 որոշումով:

 

Ինչպես հաղորդել է ՊԵԿ մամուլի ծառայությունը,  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Եվրասիական տնտեսական միության շրջանակում մակնշման ազգային օպերատոր է սահմանվել «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն (ընկերության հասցեն է` ք. Երևան, Ազատության 24/1, հեռ.՝ +374 10 300 300, էլ. հասցե՝ [email protected]): 

 

«Մինչ ազգային օպերատորի կողմից համակարգերի ներդրումը, հայաստանյան տնտեսվարողները Ռուսաստանի Դաշնության տարածք նշված ապրանքները տեղափոխելիս կարող են մակնշման տեղեկատվությունը փոխանակել ՌԴ ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների: Որպես ՌԴ ռեզիդենտ վստահված անձ կարող է հանդես գալ նաև արտասահմանյան ընկերության հավատարմագրված մասնաճյուղը:

 

Այսպիսով, Ռուսաստանի ներմուծող կազմակերպությունը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր և տրամադրել հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև Ռուսաստանի Դաշնություն ներմուծելը:

 

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում դրոշմավորման ազգային օպերատոր է հանդիսանում «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» (Центр развития перспективных технологий) ընկերությունը: Ապրանքների մակնշման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում` честныйзнак.рф», - ասվում է հաղորդագրությունում: