Հինգշաբթի, 24 Հունիսի 2021 12:02
Նաիրա Բադալյան

Հայաստանը թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարաձգել է մինչեւ 2021 թվականի վերջը

Հայաստանը թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարաձգել է մինչեւ 2021 թվականի վերջը

Արմինֆո.Հայաստանը ևս 6 ամսով երկարաձգել է թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման արգելքը, որն ուժի մեջ էր մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ին եւ գործում է մինչեւ հուլիսի 1-ը: Համապատասխան որոշումը հավանության է արժանացել կառավարության հունիսի 24-ի նիստում։

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, հիմնավորման համաձայն, թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը։

 

Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, որոշումն ընդունվել էր՝ հիմք ընդունելով ԵԱՏՄ մաքսային պայմանագրի համապատասխան դրույթը, որում ասված էր, որ ԵԱՏՄ անդամ-պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով: «Ուսումնասիրություն է կատարվել պարզելու, թե ինչ է արձանագրվել նախորդ վեց ամիսների ընթացքում: Թուրքիայից ընդհանուր ներմուծման ծավալները նվազել եմ մոտավորապես 70 տոկոսով, կտրուկ փոխվել են ներմուծվող ապրանքների կազմը: Եթե առաջ այդտեղ եղել են ավիավառելիք, ցիտրուսային մրգեր, բանջարեղեն, մաքրող միջոցներ, տրիկոտաժ, գործվածք, ապա այժմ՝ հիմնականում շինանյութ, տրիկոտաժ, բամբակե գործվածք և բնական կաշի: Բնական կաշիի վերաբերյալ ուզում եմ հիշեցնել, որ վերջերս մենք նաև արտահանման արգելք ենք դրել, որպեսզի հայաստանյան արտադրողները կարողանան այն վերամշակել»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:

 

Ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալությունը հաղորդել էր, որ Հայաստանի կառավարությունը քննարկում է թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման եւ վաճառքի արգելքի երկարաձգման հնարավորությունը: Ըստ Քերոբյանի, դա պայմանավորված է նրանով, որ չնայած թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակումներին, դրանք մինչև հիմա վաճառվում են շուկայում, այն պատրվակով, որ վաճառվում են նախկինում գնված պաշարները: Դրանով իսկ, ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը, ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ մնացած ներմուծողների համար:

 

Հիշեցնենք, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելք է սահմանվել այն բանից հետո, երբ Թուրքիան սկսեց ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին 2020թ. աշնանը արցախյան պատերազմի ժամանակ ։ Նախորդ տարիներին Հայաստանը Թուրքիայից տարեկան 250-270 մլն դոլարի ապրանք է ներմուծել։