Ուրբաթ, 25 Հունիսի 2021 18:01
Նաիրա Բադալյան

Բիզնեսը կարող է հաշվարկային փաստաթղթեր փոխանակել էլեկտրոնային տեսքով. ՀՀ ՊԵԿ-ը և ՌԴ Դաշնային հարկային ծառայությունը մեկնարկել են պիլոտային ծրագիր  

Բիզնեսը կարող է հաշվարկային փաստաթղթեր փոխանակել էլեկտրոնային տեսքով. ՀՀ ՊԵԿ-ը և ՌԴ Դաշնային հարկային ծառայությունը մեկնարկել են պիլոտային ծրագիր   

Արմինֆո.Հունիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության դաշնային հարկային ծառայության միջև ստորագրվել է «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև վստահված երրորդ կողմի մեխանիզմի կիրառմամբ անդրսահմանային առևտրի ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման պիլոտային ծրագրի իրականացման մասին» ճանապարհային քարտեզը: 

Ճանապարհային քարտեզը ստորագրել են ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Եգորիչևը: 

 

ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Ճանապարհային քարտեզի նպատակն է երկու պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման ոլորտում փոխհամագործակցության խորացումը՝ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Նախագծի գործարկմամբ երկու երկրների հարկ վճարողներին հնարավորություն կընձեռվի փոխադարձ առևտրի շրջանակում էլեկտրոնային եղանակով փոխանակվել հաշվարկային փաստաթղթերով։ 

 

Ճանապարհային քարտեզի արդյունավետ իրականացումը թույլ կտա հետագայում կիրառել էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման հայ-ռուսական լավագույն փորձը Եվրասիական տնտեսական միության այլ երկրների հետ: Ճանապարհային քարտեզի իրականացման շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային հարկային ծառայության միջև գործակցությունը ամուր հիմք կհանդիսանա ժամանակակից մարտահրավերների հաղթահարման, ինչպես նաև տեղեկությունների փոխանակման արդյունավետ ապահովման համար: