
Արմինֆո. ՀՀ կառավարությունը հուլիսի 1-ին որոշում է կայացրել գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող "Ալեքս տեքստիլ" ընկերությանը մաքսային արտոնություն տրամադրելու մասին: Որոշումն ընդունվել է "չքննարկվող" կարգով։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, գործադիրը բավարարել է «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է զուգագուլպաների արտադրության համար։ «Ալեքս տեքստիլ»-ը շուտով շահագործման կհանձնի գերհզոր և ժամանակակից սարաքվորումներով հագեցած զուգագուլպայի արտադրամաս, որը հնարավորություն կտա ստեղծելու 80 նոր աշխատատեղ՝ 167,000 դրամ միջին աշխատավարձով։ Ըստ նախնական տվյալների՝ մինչև 2024 թ. նախատեսվում է արտադրել շուրջ 4 մլրդ դրամի արտադրանք, որից 20%-ը նախատեսվում է իրացնել ՀՀ տարածքում, 80%-ը՝ արտահանել միջազգային շուկա, որից 50%-ը՝ Ռուսաստանի Դաշնություն, իսկ 30%-ը՝ ԵՄ երկրներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2.1 մլրդ դրամի ներդրում հումք և նյութերի, ինչպես նաև հավելյալ 1.2 մլրդ դրամ նոր սարքավորումների ձեռքբերման համար: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 106 մլն դրամ: