Արմինֆո.ՌԴ կատարած այցի շրջանակում հուլիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և Սվերդլովսկի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևը ստորագրել են «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սվերդլովսկի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական ոլորտում արտաքին տնտեսական կապերի իրականացման մասին» համաձայնագիր։
Ինչպես հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությւոնը, ՀՀ կառավարության և Սվերդլովսկի մարզի միջև առևտրատնտեսական, գիտա-տեխնիկական և մշակութային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը 10 տարի գիտական, տեխնիկական և մշակութային համագործակցության զարգացման ամուր իրավական հիմք է հանդիսացել, ավարտվել է 2018 թ․-ին: Փոխադարձ առևտրի ծավալների մեծացման, համատեղ գիտական և տեխնիկական ծրագրերի մշակման և իրականացման դրական դինամիկան պահպանելու նպատակով Սվերդլովսկի շրջանի կառավարությունը 2019 թ. առաջարկել է դիտարկել նոր ժամանակահատվածի համար համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:
Համաձայնագրի ստորագրումը կնպաստի առևտրատնտեսական երկկողմ համագործակցության ընդլայնմանը՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ՀՀ-ի և Սվերդլովսկի մարզի միջև նոր գործարար կապերի հաստատմանը: Համաձայնագիրը նախատեսում է փոխգործակցություն զբոսաշրջության, գյուղատնտեսության, ներդրումների, արդյունաբերության, առևտրի և մեծ ներուժ ունեցող այլ բոլոր հնարավոր ոլորտներում:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ առաջատարի դիրքը պահպանում է Ռուսաստանը ՝ 2021թ.հունվար-ապրիլին 656.9 մլն դոլար ծավալով, տարեկան աճը 2% - ից հասցնելով 2.4% - ի: Ռուսաստանը առաջատար է նաեւ արտահանման եւ ներմուծման գծով, համապատասխանաբար, 220.9 մլն դոլար եւ 436 մլն դոլար, արտահանման տարեկան դինամիկան՝ 11.3% անկումից մինչեւ 20.9% աճ, ներմուծմանը՝ 8.1% աճից մինչեւ 4.9% անկում։
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունում Ռուսաստանի մասնաբաժինը տարեկան կտրվածքով նվազել է 31,7 տոկոսից մինչեւ 30,3 տոկոս: Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն կրճատվել է 22,1 տոկոսով՝ մինչեւ 215,1 մլն դոլար: