Չորեքշաբթի, 14 Հուլիսի 2021 19:18
Ալինա Հովհաննիսյան

Տիգրան Ավինյանը հանդիպել է Գերմանիայի առաջատար ավիափոխադրող Lufthansa ընկերության ներկայացուցիչների հետ

Տիգրան Ավինյանը հանդիպել է Գերմանիայի առաջատար ավիափոխադրող Lufthansa ընկերության ներկայացուցիչների հետ

Արմինֆո. Հուլիսի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ընդունել է «Lufthansa» ընկերությունների խմբի մենեջմենթի ավագ տնօրեն Ռենե Կոինչակին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ու ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը:


Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ավիահաղորդակցության ոլորտը «Covid-19»-ի համավարակի պատճառով աշխարհում ամենից շատ տուժած ոլորտներից է: Ըստ նրա՝ պատվաստանյութերի առկայությամբ, սակայն, իրավիճակը բարելավվելու է, և երկրների միջև օդային հաղորդակցությունն արագորեն վերականգնվելու է: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ ուղևորափոխադրումների ծավալների ավելացումը նպաստելու է տնտեսական ակտիվությանը և զբոսաշրջության աճին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ավիաընկերությունների հետ համագործակցության, թռիչքային ուղղությունների և ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող հարցեր: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը արտահայտել է կառավարության պատրաստակամությունը՝ առավելագույն աջակցություն ցուցաբերել ավիահաղորդակցության ոլորտի զարգացմանը՝ միաժամանակ կարևորելով թռիչքների նոր ուղղությունների բացումը:

 

Նշենք, որ Lufthansa-ն Գերմանիայի առաջատար ավիափոխադրողն է, Եվրոպայի խոշորագույն ավիակոնցեռնը, որն իր մեջ ներառում է նաեւ այնպիսի խոշոր ավիաընկերություններ, ինչպիսիք են Swiss International Airlines-ը եւ Austrian Airlines-ը:

 

Ընդհանուր առմամբ, Lufthansa-ն չվերթներ է իրականացնում դեպի աշխարհի 78 երկրներ ավելի քան 200 ուղղություններով: Ավիաընկերության ողջ օդային նավատորմը, ներառյալ դուստր փոխադրողները, ունի շուրջ 620 ինքնաթիռ։