Ուրբաթ, 16 Հուլիսի 2021 16:27
Ալինա Հովհաննիսյան

ANIF հիմնադրամի գործունեության հաջորդ ուղղությունը կլինի աջակցությունը ջրային ռեսուրսների եւ թափոնների կառավարման համակարգերին

ANIF հիմնադրամի գործունեության հաջորդ ուղղությունը կլինի աջակցությունը ջրային ռեսուրսների եւ թափոնների կառավարման համակարգերին

Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը:

 

«Երբ ֆոնդը ստեղծվեց, նորարարություն էր մեր իրականության մեջ և պետական-մասնավոր գործակցության մի յուրօրինակ մոդել: Մենք ժամանակ առ ժամանակ վերադառնում ենք թեմային՝ հասկանալու, թե ինչքանով  է աշխատող և կիրառելի այս մոդելը: Հետևաբար այսօր հերթական հաշվետվության ժամանակն է: Ֆոնդը ստեղծվել է 2019 թվականի մայիսին և պետք է քննարկենք երկու տարվա աշխատանքի արդյունքները»,- խորհրդակցության սկզբում նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է ֆոնդի կողմից իրականացված գործարքների արդյունքները, մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության տրամաբանության ներքո պետություն-մասնավոր հատված գործունեության հնարավորությունները, խոշոր ներդրումային ծրագրերի ներգրավմանը միտված աշխատանքների ընթացքը:

 

Զեկուցվել է, որ էներգետիկայի ոլորտում ընթացքի մեջ է «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի հիմնման ծրագիրը՝ «Մասդար» ընկերության հետ համագործակցությամբ: Այն գնահատվում է 174 մլն դոլար: Փափազյանը վստահություն է հայտնել, որ այս մեծածավալ ծրագիրը կնպաստի արտադրական հզորությունների ընդլայնմանն ու  էլեկտրաէներգիայի սակագների նվազեցմանը: Նշվել է, որ էներգետիկայի ոլորտում նոր նախագծեր իրականացնելու ուղղությամբ ևս աշխատանքներն ընթացքի մեջ են:

 

Ֆոնդի գործադիր տնօրենը հիշեցրել է, որ ընդամենը օրեր առաջ «Էյր Արաբիա» ավիաընկերության հետ կնքվել է ազգային բյուջետային ավիափոխադրող հիմնելու գործարքը: Նախատեսվում է, որ ավիաընկերությունն ավիաչվերթեր կիրականացնի դեպի Ռուսաստանի Դաշնություն, Արևելյան Եվրոպայի ու Միջին Արևելքի երկրներ՝ քաղաքացիներին մատուցելով բարձրակարգ ծառայություններ՝ հնարավորինս ցածր սակագներով: Ծրագրվում է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ավիաընկերությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կբազավորի 15 օդանավ:

 

Հաշվետու ժամանակահատվածում ֆոնդը ներդրումային մի քանի գործարքներ է կնքել նաև տեղական ընկերությունների հետ՝ նպաստելով վերջիններիս գործունեության զարգացմանն ու ընդլայնմանը: Ծրագրերն իրականացվում են վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսության, առողջապահության, ծառայությունների մատուցման, զբոսաշրջության ոլորտներում:

 

Ֆոնդի գործունեության հաջորդ ուղղություններն են՝ աջակցությունը ջրի և թափոնների կառավարման համակարգերին: Ներկայացվել են նաև այս ուղղություններով նախատեսվող ծրագրերն ու աշխատանքները:

 

Հաշվետվության վերաբերյալ ներկայացվել են տարբեր հարցադրումներ, դիտարկումներ, ինչպես նաև առաջարկություններ՝ ֆոնդի հետագա գործունեության շուրջ: Կարևորվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի առավելագույնը թափանցիկ և հաշվետվողական գործունեության ապահովումը, նոր ներդրումային ծրագրերի ներգրավումն ու ընթացիկ նախագծերի արդյունավետ իրականացումը: