Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզում գործող «Սարանիստ» ընկերություն, որը զբաղվում է ապակիների արտադրությամբ, իսկ բոլորովին վերջերս սկսել է գործել կոնյակի գորածարանը:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ընկերության սեփականատեր Մելիք Մանուկյանը շրջայցի ընթացքում ներկայացրել է ապակու, այնուհետև կոնյակի արտադրության գործընթացն ու զարգացման ծրագրերը:
Նշվել է, որ ներկայումս ընկերությունն ունի ապակու 4 արտադրամաս՝ առանձին վառարաններով, որոնք հնարավորություն են տալիս միաժամանակ արտադրել տարբեր գույների և նշանակության ապակի, այդպիսով բավարարելով շուկայում առկա պահանջարկը։ Ընկերությունը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով: Այստեղ ներկայումս աշխատում է մոտ 700 մարդ։ Շահագործվում է 7 հոսքագիծ։
Դեռևս 2005թ.-ից «Սարանիստ»-ը սկսել է արտադրել տարաներ՝ գինու, կոնյակի, գարեջրի, հանքային ջրի, հյութերի համար։ Ընկերությունն իր արտադրանքի գրեթե կեսն արտահանում է Վրաստան:
Անդրադառնալով կոնյակի արտադրությանը՝ Մելիք Մանուկյանը նշել է, որ արտադրվելու է հիմնականում 7-10 տարեկան կոնյակ, որի հիմնական մասն արտահանվելու է: Ընկերությունը նախատեսում է արդեն այս տարի մթերել 1500 տոննա խաղող: Ներկայումս ընթացքի մեջ է խաղողագործների հետ համապատասխան պայմանագրերի կնքման գործընթացը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ողջունել է ընկերության գործունեության ընդլայնման, նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու նախաձեռնությունը և հավելել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում նպաստել նմանատիպ նախագծերի արդյունավետ իրականացմանը:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |