Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) առանցքային փուլը. սկսվել են ԱԷԿ - ի ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները: Թրծաթողումը թույլ կտա ռեակտորի մետաղի ֆիզիկամեխանիկական հատկությունները վերականգնել 80-85%-ով: Այդ ընթացակարգի իրականացումը հնարավորություն կտա հայկական ԱԷԿ-ը շահագործել մինչեւ 2036 թվականը։
Թրծաթողման աշխատանքների նախապատրաստումը տեւել է գրեթե մեկուկես տարի։ Այժմ թրծաթողման կայանքն իջեցվել է ռեակտորի իրան, և սկսվել է շիկամշակման բուն գործընթացը: Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի իրանը թրծաթողման կայանքի օգնությամբ տաքացնում են մինչեւ 475 աստիճան Ցելսիուս, պահում են 150 ժամ եւ թողնում են դանդաղ սառչի: Ռեակտորի իրանի մետաղի ջերմամշակումը կիրականացվի մեկ շաբաթ:
Արդիականացման պայմանագրի շրջանակներում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է "Ռուսատոմ Սերվիս" ԲԸ-ն, որը մտնում է "Ռոսատոմ" պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ դիվիզիոնի մեջ: Այժմ ԱԷԿ-ում թրծաթողման կայանքի կառավարմամբ, բոլոր տեխնոլոգիական պարամետրերի վերահսկողությամբ զբաղվում են ռուսական ընկերությունների եւ կազմակերպությունների մասնագետները, որոնց թվում են «Գիդրոպրեսը» ԲԸ, «ՑՆԻԻՏՄԱՇ» ԲԸ, «Արմէներգոռեմոնտ» ԲԸ, «Կուրչատովսկի ինստիտուտը», «Պրոմեթեյ» ՑՆԻԻԿՄ: Հենց «ՑՆԻԻՏՄԱՇ» ԲԸ-ի մասնագետներն են մշակել ռեակտորի իրանի կորպուսի թրծաթողման տեխնոլոգիան, որն անցկացվում է այսօր բոլոր այն կայաններում, որտեղ անցնում է շահագործման ժամկետի երկարացումը:
Առաջին անգամ թրծաթողման տեխնոլոգիան կիրառվել է 1987 թվականին Նովովորոնեժսկի ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկում։ Արդեն ՎՎԵՐ-440 տիպի ռեակտորների վերականգնողական թրծաթողումներ են անցկացվել այնպիսի ատոմակայաններում, ինչպիսիք են Կոլայի ԱԷԿ-ը (Ռուսաստան), Ռովենի ԱԷԿ-ը (Ուկրաինա), Կոզլոդույ ԱԷԿ-ը (Բուլղարիա) եւ "Լովիիսա" ԱԷԿ-ը (Ֆինլանդիա):