Արմինֆո.Այսուհետ Հայաստանի մտավոր սեփականության ոլորտում ծառայություններ կմատուցի մտավոր սեփականության գրասենյակը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հուլիսի 26-ի որոշմամբ հաստատվել է գրասենյակի կանոնադրությունը և կառուցվածքը:
Նշվում է, որ գյուտերի եւ օգտակար մոդելների բաժինը վերանվանվել է արդյունաբերական նմուշների եւ գյուտերի փորձաքննության բաժին, գործակալության ապրանքային նշանների եւ արդյունաբերական նմուշների բաժինը վերանվանվել է ապրանքային նշանների եւ աշխարհագրական նմուշների փորձաքննության բաժին, գործակալության հեղինակային եւ հարակից իրավունքների բաժինը վերանվանվել է հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների բաժին, գործակալության տեղեկատվական-տեխնոլոգիական ապահովման բաժինը վերանվանել տեղեկատվական-տեխնիկական ապահովման եւ հրապարակումների բաժին, ստեղծվում է կազմակերպական-իրավական նոր բաժին: Գրասենյակը կղեկավարի ՀՀ էկոնոմիկայի նախարարը։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության պահպանության ազգային համակարգը ձևավորվել է 1992թ.հունվարին ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության և 1993թ. դեկտեմբերին հեղինակային իրավունքի ազգային գործակալության ստեղծմամբ ։ Հետագայում ՝ 2002 թվականի մարտին, այդ մարմինների միաձուլման միջոցով ստեղծվել է մտավոր սեփականության գործակալություն, որն ունի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կազմում գործող առանձնացված ստորաբաժանման կարգավիճակ։ Նույն թվականին կառավարության կողմից հաստատվել է գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը։
Ներկայում մտավոր սեփականության ոլորտում իրավական դաշտը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով: Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականից հանդիսանում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) անդամ և 1995 թվականից՝ Եվրասիական արտոնագրային կազմակերպության անդամ: Գործակալությունը համագործակցում է Եվրոպական արտոնագրային կազմակերպության, միջազգային եւ տարածաշրջանային այլ կառույցների եւ օտարերկրյա պետությունների գերատեսչությունների հետ: